Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ծանոթացել է «Թումո Երևան»-ի նախագծերին


22:15 , 13 մարտ, 2019

Armenpress.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 13-ին այցելել է Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և ծանոթացել տեղի կրթական ծրագրին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Թումո»-ի հաղորդակցման բաժնից, Վրաստանի 
նախագահը`երկրի պետական պատվիրակության և ՀՀ կրթության և գիտության  նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնով:

«Թումո»-ի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը Վրաստանի նախագահին ներկայացրել է ընթացիկ նախագծերը` «Թումո» ստուդիաները, «Թումո-ԵՄ» կոնվերգենցիոն կենտրոնը, և կենտրոնի միջազգային ընդլայնման ընթացքը:

Սալոմե  Զուրաբիշվիլին նաև ծանոթացել է դասընթացների և աշխատարանների ընթացքին, լսեց «Թումո»-ի «Թմբաթա»-ի կատարումները։ «Վրաստանի մեր նոր տեխնոպարկում ստարտափների էկոհամակարգ ունենք, և «Թումո»-ի նման նախագիծը հիանալի լրացում կարող է հանդիսանալ»,- նշել է նա: