Կա՛մ Փաշինյանն ինքն է պատրաստվում հող հանձնել, կա՛մ ստել է


21:59 , 13 մարտ, 2019

Երկու օր շարունակ քաղաքական և քաղաքագիտական հանրությունը քննարկում է Ստեփանակերտում տեղի ունեցած հայկական երկու պետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, ինչպես նաև նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի ելույթները:

Փաշինյանի ելույթը ոչ միայն կատարյալ չէր, այլ տեղ-տեղ պարունակում էր մտահոգիչ և վտանգավոր թեզեր:

Արձանագրենք. եթե Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում խոսում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին, ապա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսք անգամ չի ասում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման վերաբերյալ:
Կրկնում եմ՝ Փաշինյանի ելույթում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին որևէ բառ չկար:

Նիկոլն իր ելույթում գիտակցված կամ ենթագիտակցաբար օգտագործում է «Ղարաբաղի հայություն» եզրույթը, որը, չեմ կարծում, թե հաջող ձևակերպում է, մասնավորապես, նաև բանակցությունների կամ հրապարակային ելույթների ժամանակ:

Հիշեցնեմ, որ Արցախն իր անկախությունը հռչակել է ԽՍՀՄ ներքին օրենսդրության և միջազգային գործող բոլոր իրավական նորմերին համապատասխան դեռևս 1991թ. սեպտեմբերի 2-ին, իսկ նույն թվականի դեկտեմբերի 10-ին, կրկին ԽՍՀՄ-ում գործող օրենսդրության համաձայն, Արցախը հանրաքվեի միջոցով անկախացել է ԽՍՀՄ-ից:

Ի գիտություն Փաշինյանի՝ տեղեկացնեմ, որ Արցախում ապրող ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 82,2 տոկոսը, այսինքն՝ 108,736 մարդ մասնակցել է հանրաքվեին, որից ընտրություններին մասնակցածների 99 տոկոսը, այսինքն՝ 107, 648 քաղաքացի «այո» է ասել Արցախի անկախությանը, հետևաբար Արցախի Հանրապետության անկախության օգտին արտահայտվել են Արցախում ընտրության իրավունք ունեցողների 80 տոկոսից ավելին, իսկ ընտրություններին մասնակցածների 99 տոկոսը, ուստի Փաշինյանի արտահայտած «Ղարաբաղի հայություն» միտքը կամ եզրույթը, կարծում եմ, այդքան էլ նպատակահարմար չէ:

Սա միջհամայնքային վեճ չէ, սա Արցախում ապրող քաղաքացիների որոշումն է, և բոլորը պետք է հարգեն և հաշվի նստեն այդ որոշման հետ:

Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախյան կարգավորման գործընթացում նրա ծրագիրը նման չէ ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ և ոչ էլ երրորդ նախագահների ռազմավարությանն ու հայեցակարգին, և նա ունի հայանպաստ ծրագիր կամ հայեցակարգ: 

Ո՞ւր է այդ հայեցակարգը, բա ասում էր՝ հայանպաստ ծրագիր ունեմ արցախյան հարցում: Չլսեցինք դա:

Համանախագահների հայտարարությունից պարզ դարձավ, որ նրանք չեն պատրաստվում ղարաբաղյան կարգավորման հետ կապված նոր փաթեթ կամ փաստաթուղթ քննարկել Փաշինյանի հետ:

Սակայն ամիսներ առաջ Փաշինյանը խորհրդարանում հայտարարում էր, որ նախկին իշխանությունները բանակցել են բացառապես հող հանձնելու վերաբերյալ, և կան փաստաթղթեր: Հիմա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ չկան բանակցությունների նոր փաստաթղթեր, կա՛մ Փաշինյանն ինքն է պատրաստվում հող հանձնել, կա՛մ ստել է: Թող որոշի ինքը:

Եվ վերջում, եթե Արցախի նախագահը չմասնակցի Ալիև-Փաշինյան առաջիկա հանդիպմանը, ուրեմն՝ Փաշինյանը հերթական անգամ սուտ խոստում է տվել:

ՀԳ. Սպասում եմ օտարերկրյա գործակալների Փաշինյանի ցուցակին: