«Ես ինքս եմ որոշել իմ նկարահանման գնացուցակը՝ ելնելով իմ պահանջված, հայտնի և, ամենակարևորը, անհասանելի կարգավիճակից»․ Սյուզաննա Սեդրակյանը վերադառնում է նոր նախագծով


19:00 , 13 մարտ, 2019

Մոդել, հաղորդավարուհի Սյուզաննա Սեդրակյանը վերադառնում է նոր նախագծով, որի մանրամասները պատմել է BlogNews.am-ին: «Day off Սյուզաննա Սեդրակյանի հետ» նախագիծը շուտով կլինի եթերում, որտեղ հեռուստադիտողը կտեսնի հաղորդավարուհուն այլ ձևաչափում: Սյուզաննայի խոսքով՝ առաջին հանդիպման ժամանակ արդեն պարզ էր, որ ընդունելու էր առաջարկը: 

- Հեռուստատեսային դադարն ինչո՞վ էր պայմանավորված, և ինչո՞վ էիք զբաղված այս ընթացքում։

- Ես ամեն տարի ձմռանը հեռանում եմ հեռուստաէկրաններից, որպեսզի նորովի վերադառնամ: Այս տարին նույնպես բացառություն չէր, և շատ շուտով կտեսնեք կերպարանափոխված Սյուզաննա Սեդրակյանին:

- Գիտեմ, որ նոր նախագծով եք վերադառնում։ Ո՞ւմ կողմից եք ստացել առաջարկը, և ի՞նչ ձևաչափում է նախագիծը։

- Առաջարկը եղավ Լևոն Դադասյանի կողմից, ով այս նախագծի հեղինակն ու պրոդյուսերն է։ Առաջին իսկ հանդիպումից արդեն պարզ էր, որ կհամագործակցենք: Ձևաչափն ինձ դուր եկավ, քանի որ շատ հետաքրքիր և լեցուն օր ենք անցկացնելու հայտնի մարդկանց հետ՝ ներկայացնելով նրանց առօրյան և բացահայտելով նրանց ներաշխարհը: Մենք արդեն սկսել ենք նկարահանումները և շուտով կհանձնենք հեռուստադիտողի դատին:

- Այս ընթացքում այլ առաջարկներ ստացե՞լ եք և ինչո՞ւ այս նախագծում նկարահանվելու առաջարկն ընդունեցիք։  

- Անշուշտ, եղել են, բայց ոչ մի առաջարկ չհետաքրքրեց այնքան, որքան հենց հեռուստատեսությունում աշխատանքը: Ձևաչափը դուրս եկավ: Ես սովոր եմ ակտիվ աշխատանքի, միշտ ռիթմի մեջ լինել, նկարահանման ընթացքում տարբեր վայրերում լինել, և այս նախագծում նշված բոլոր կետերը կան: Ամենակարևորը, որ հաղորդման անունն է «Day off Սյուզաննա Սեդրակյանի հետ»:

- Շատերը հիշում են Ձեր համարձակ կերպարները, ինչպես նաև բաց հագուստները։ Նոր նախագծում ավելի զո՞ւսպ եք ներկայանալու։ 

- Ես վաղուց արդեն հազվադեպ եմ հանդես գալիս համարձակ կերպարներով, բայց դա միշտ կլինի իմ ամենահարազատ կերպարը, որում ես ինձ միշտ լավ եմ զգում: Հեռուստատեսությունում պետք է ամեն ինչ չափի մեջ լինի, քանի որ հաղորդումը նայելու են և՛ մեծերը, և՛ փոքրերը: Պետք է յուրաքանչյուր մանրուք հաշվի առնել: Իհարկե, դեռ շատ կլինեն բաց կերպարներ, բայց թույլատրելիի սահմանում և ավելի շատ իմ ինստագրամյան էջում: 

- Նոր առաջարկները ենթադրում են նաև աշխատանքային վերելքներ, ինչպես նաև աճ։ Ձեզ համար նույնպե՞ս այդպես է, արդյոք հենց նույն այդ սկզբունքո՞վ եք ընտրում առաջարկները։

- Ինձ համար յուրաքանչյուր նոր աշխատանք նոր հմտություն է և աճ: Ես երբեք հետքայլ չեմ անում և միշտ ձգտում եմ ավելիին, այդ պատճառով էլ շատ առաջարկներ մերժում եմ, եթե համարում եմ, որ դա արդեն անցած փուլ է ինձ համար, և տեղս զիջում նորերին: Այս նախագիծը, վստահ եմ, ստացված է լինելու, որովհետև ինչ ինձ հիշում եմ, ամեն ինչի հասել եմ իմ աշխատասիրության շնորհիվ:

- Հաղորդավարական դասընթացների գնո՞ւմ եք, թե՞ կարծում եք՝ լավ տիրապետում եք այս մասնագիտությանը:

- Չեմ կարծում, որ կա մարդ, ով սովորելու տեղ չունի։ Իհարկե, դա էլ է իմ պլաններում և շատ շուտով կընդգրկվի իմ առօրյա գրաֆիկում:

Իսկ չկա՞ր մտավախություն, որ գուցե նման մեծ նախագծում աշխատելը չի ստացվի զուտ բավականաչափ փորձ և հմտություններ չունենալու պատճառով:

- Յուրաքանչյուր ոլորտ մուտք գործելիս փորձ չեմ ունեցել և միշտ վստահ եմ եղել ինքս ինձ վրա: Եթե ինչ-որ բան չստացվի, կմեղադրեմ ինձ, ուրեմն՝ քիչ եմ աշխատել ինքս ինձ վրա, իսկ ինչ վերաբերում է հմտանալուն, դրա համար կա թիմ, որն աշխատելու է ինձ հետ և օգնելու, որ շուտ հմտանամ այս ոլորտում: Ինչպես առաջ, այնպես էլ հիմա մտավախություն չունեմ։

Արդյոք եղե՞լ է շրջան, որ մտածել եք՝ գուցե աշխատանքային առաջարկներ այլևս չունենաք։

- Չեմ մտաբերում այս պահին նման բան, բայց եթե ներսիս կրակը դեռ չի մարել, դժվար թե ինձ անհնար լինի նկատել: Լինելով երիտասարդ՝ ես սիրում եմ աշխատել և նոր բարձունքների հասնել: Չեմ կարծում՝ կգա այնպիսի օր, որ առաջարկներ չունենամ:


- Հեռուստատեսային աշխատանքն ինչքանո՞վ է ձեզ հետաքրքիր, և մեծ թիմի հետ աշխատելը բարդ չէ՞ ձեզ համար։

- Սա ինձ համար նոր ոլորտ չէ, ինչ-որ չափով ծանոթ եմ: Վերջին երեք տարին այս ոլորտում եմ: Այս անգամ ես աշխատում եմ մեծ թիմի հետ, որտեղ բոլորը տղաներ են: Սկզբում կարծում էի՝ հեշտ չի լինի, սակայն առաջին հաղորդումը նկարահանելուց հետո, երբ ծանոթացա բոլորի հետ, հուրախություն ինձ, բոլորը շատ ջերմ ընդունեցին: Շատ լավ թիմ ունեմ և մեծ հաճույքով եմ աշխատում նրանց հետ:  

- Ունե՞ք պահանջներ, որոնք չբավարարելու դեպքում գուցե առաջարկը չընդունեք և հրաժարվեք նկարահանվելուց։

- Ես յուրաքանչյուր հարցում պահանջկոտ եմ: Այո՛, շատ քմահաճույքներ ունեմ, միշտ ներկայացնում եմ իմ պահանջները, և վայն եկավ-տարավ, եթե չհամաձայնվեն: Այս նախագծում բոլորս իրար կես բառից հասկանում ենք, և դա շատ կարևոր փաստ է: Չունենք նախանձ և ինձ շատ էժան կրկնօրինակող աղջիկներ, չկան քյարթու ու փնթփնթան տղաներ: Բոլորն իրենց գործի վարպետն են և շատ հարցերում ընդառաջում են ինձ։ Ամեն դեպքում, դեռ չբավարարված պահանջ չեմ ունեցել, իսկ նախկին նախագծերում եթե ունեցել եմ, ապա հրաժարվել եմ:

- Վա՞տ եք վերաբերվում այն աղջիկներին, ովքեր փորձում են ձեզ կրկնօրինակել։

- Բացարձակ վատ չեմ վերաբերվում, այլ գովելի է, երբ տեսնում եմ, որ ավելի լավին են ձգտում, բայց չեմ սիրում, երբ ինձ կրկնօրինակում են վատ մտքով և շատ էժան ներկայանում իմ ստեղծած ոճով: Ես ինքս ունեմ իդեալներ, որոնց փորձում եմ նմանվել (նրանք հայ չեն): Ես օգնում եմ բոլոր իմ աղջիկ հետևորդներին խորհուրդներով յուրաքանչյուր ոլորտում, ինչի վերաբերյալ ես ունեմ գիտելիք և կարող եմ մի բան սովորեցնել:

Որո՞նք են Ձեր ներկայացրած պահանջները։

- Ամեն ինչ կապված է իմ արտաքին տեսքի հետ, այսինքն՝ ինձ հետ պետք է աշխատեն լավագույն դիմահարդարները, վարսահարդարները, ոճաբանները, լուսանկարիչները: Ես սիրում եմ կազմակերպված աշխատաոճ, և ամեն ինչ պետք է հստակ լինի: Չեմ սիրում անպատասխանատվություն աշխատանքի մեջ, ինձ հետ շփման մեջ բոլորը պետք է տարածություն պահպանեն, ինչպես նաև բոլոր որոշումները պետք է կայացնեն ինձ հետ նույնպես խորհրդակցելով, նույնիսկ կազմակերպչական հարցերը:

- Ֆինանսական առումո՞վ էլ եք պահանջկոտ: Պատվիրատուն ձեզ պետք է հարմարվի՞, թե՞ կարող եք զիջումների էլ գնալ:

- Շատ են լինում զիջումներ, հիմնականում աղջիկների հետ աշխատանքի ժամանակ եմ փոխզիջումների գնում: Ավելի շատ մարդկային հարաբերություններն եմ կարևորում, քան ֆինանսական մասը: Իսկ եթե պատվիրատուն սրտովս չի եղել, անգամ եղել են դեպքեր, երբ կրկնակի են վճարել, միայն թե համաձայնվեմ:

- Հայտնիությունն ավելացնո՞ւմ է պահանջած հոնորարները:  

- Դու կարող ես հայտնի լինել, բայց շատ ցածր վարկանիշ ունենալ: Ես ինքս եմ որոշել իմ նկարահանման գնացուցակը՝ ելնելով իմ պահանջված, հայտնի և, ամենակարևորը, անհասանելի կարգավիճակից: Այսօր հայտնի շատ խեղկատակներ կան, որոնց հաստատ լուրջ չեն ընդունում գովազդատուները: Կան հայտնի, շատ վատ վարքի տեր ու ոչ պատշաճ կյանքով ապրող մարդիկ, որոնց հաստատ մանկական հաղորդումներ և միջոցառումներ չեն վստահի: Ես հետևում եմ իմ ամեն քայլին, չեմ լինում ակումբներում, չեմ ծխում և ինձ հնարավոր չէ տեսնել Կենտրոնի սրճարաններում ժամանակս վատնելիս: Փոխարենը զբաղված եմ ավելի կարևոր գործերով, նախընտրում եմ դրա տեղն ավելի շատ խոհանոցում լինել և համեղ ուտեստներ պատրաստել: Շատ դեպքեր են եղել, երբ մարդիկ գործնական հանդիպումներից հետո ասել են, որ իմ տեսակը տարբերվում է իմ ինստագրամյան կյանքից: Ես գիտեմ որտեղ ինչպես ներկայանալ և ուրախ եմ, որ այսօր ամեն առաջարկի հետևից չեմ գնում ու իմ ամեն տեղ շատ լինելով չեմ հոգնեցնում մարդկանց և ինձ դարձնում հասանելի գովազդային դեմք:  

- Այսինքն՝ այն, ինչ մարդիկ տեսնում են Ձեր Ինստագրամում, բնավ կապ չունի՞ Ձեր իրական կյանքի հետ և արվում է զուտ աշխատանքային նպատակներո՞վ:  

- Այսօր ամբողջ աշխարհում Ինստագրամը գովազդային առաջին հարթակն է: Իմ ինստագրամյան էջն ավելի շատ աշխատանքային է, և մարդիկ ինձ տեսնում են որպես մոդելի, հաղորդավարուհու և գովազդային դեմքի, իսկ իրական պատկերը մնում է այն կողմում: Ինձ ավելի խորը ճանաչում են միայն շատ հարազատ մարդիկ:

- Օրինակ՝ ինչ չգիտի հասարակությունը Ձեր մասին, որ սոցցանցերում ցույց չեք տալիս։

- Այն, որ ես իրականում բոլորի պես խոցելի եմ, որ բոլորի պես ունենում եմ դժվար օրեր և բազում խնդիրներ իմ ճանապարհին: Սիրում եմ ավելի շատ լինել տանը, ընտանիքի հետ, քան բազմամարդ միջոցառումների մասնակցել: Սիրում եմ հյուրեր ընդունել, պատրաստել, լինել տնային հագուստով, առանց շպարի և չհարդարված մազերով: Ամեն դեպքում, ես իմ Ինստագրամի սթորիներում փորձում եմ այս ամենն ինչ-որ չափով ներկայացնել և լինել անմիջական, ինչպես որ կամ իրականում:

- Հայտնիությունն ավելի շատ հեռացնո՞ւմ, թե՞ մտերմացնում է շրջապատի մարդկանց, թե՞ այս փուլում նաև հիասթափություններ եք ունեցել, գուցե այն մարդկանցից, ում ձեզ հարազատ եք համարում։

- Ես կասեի՝ հակառակը, ինչքան հայտնի ես և պահանջված, այնքան կեղծ մարդիկ շատ են պտտվում քո շուրջը։ Ես արդեն սովորել եմ ինձնից հեռու պահել բոլորին, բայց առաջ այսպիսին չէի: Այս հարցում ավելի խելացի եմ և իմ կյանք չեմ թողնում հանուն շահի շփվող մարդկանց: Հիասթափություններ միշտ էլ լինում են, հենց այդ պատճառով էլ հիմա շփվում եմ հաշված մարդկանց հետ: Այսօր ինձ հարազատ միայն ընտանիքիս անդամներին եմ համարում և սիրելիիս:

- Կա տեսակետ, որ հայտնիության, ճանաչվածության մարդիկ շատ ավելի արագ են հասնում, երբ համարձակ և ավելի բաց են ներկայանում հանրությանը, միևնույն ժամանակ այդ ամենը բերում է բացասական մեկնաբանությունների, ինչպես նաև մարդու մասին սխալ տպավորության: Ձեզ համար կարևո՞ր է հասարակության կարծիքը։

- Այս խնդրին բախվել եմ հենց սկզբում՝ երեք տարի առաջ, քանի որ Հայաստանում մոդել չէր եղել, ով իր առաջին քայլերն անելիս շատ սկանդալային և միևնույն ժամանակ շքեղ կերպարով էր ներկայացել: Թե՛ բացասական, թե՛ դրական մեկնաբանությունները շատ էին: Սկզբում մի փոքր ծանր էի տանում ամեն ինչ, հետո հասկացա, որ մարդկանց սխալ կարծիքը փոխելու համար պետք է նրանց հետ ավելի անմիջական շփվես, քեզ վեր չդասես և չտառապես աստղային հիվանդությամբ: Հիմա ամեն ինչ այնքան է փոխվել, որ ես ունեմ ինձ շատ սիրող իգական սեռի ներկայացուցիչներ, ովքեր նույնիսկ ամուսնացած են և էլ ինձ չեն դիտարկում որպես աղջիկ, ով պատրաստվում է խլել իրենց սիրելիների սրտերը: Ես ամեն օր բազմաթիվ նամակներ եմ ստանում աղջիկներից, բոլորի հարցերին սիրով պատասխանում եմ, օգնում եմ նրանց ընտրել ճիշտ մասնագետների, խնամված լինել և, ինչպես իրենք են ասում, ստիմուլ տալիս իրենց հետևելու հարցում: Ինձ համար շատ կարևոր է թե՛ ինձ սիրող, թե՛ չսիրող մարդկանց կարծիքը, բայց չկա մարդ, ում բոլորը սիրեն: Ես թեթև եմ նայում ամեն ինչին, և եթե այսօր այն եմ, ինչ կամ, դա հաստատ հասարակության մեծամասնության կողմից սիրված լինելուց է:

- Այսինքն՝ հենց սկզբից այդ կերպարով հիշվելը մտածված քա՞յլ էր։

- Ինձ համար կարևոր է, որ տարբերվող և քննարկվող կերպար լիներ՝ ամենաբարձր մակարդակով մատուցված: Ցանկություն կար տպավորություն թողնելու յուրաքանչյուրի վրա, կարևոր չէ՝ դրական, թե բացասական: Դա ստացվեց ինձ մոտ: Ամբողջ երեկո բոլորըն ինձ էին քննարկում էին, և շատ-շատերը մոռացել էին՝ ինչի համար էինք հավաքվել: Եթե պետք է ներկայանաս և չհիշվես, չթողնես տպավորություն, ապա անիմաստ գործունեությամբ ես զբաղված․ ես այդպես եմ մտածում:

- Ի՞նչ փոփոխություններ են եղել Ձեր առօրյայում։

- Հիմա ավելի ուշադիր եմ իմ նկատմամբ: Աշխատում եմ չհիվանդանալ, քանի որ հեռուստատեսության աշխատանքն ավելի պատասխանատու է․ մի ամբողջ օր կարող ենք նկարահանում ունենալ, ու պետք է առողջ և առույգ լինել: Մնացած օրերը ես, ինչպես միշտ, կա՛մ մարզասրահում եմ, կա՛մ սպա կենտրոններում: Նոր մտքեր շատ ունեմ, դրա համար սկսել եմ անգլերեն պարապել և պարի եմ հաճախում: Շատ օգտակար բաներով եմ լցնում օրս: