Ոչ ոք չի կարող մեզ ստիպել գնալ ազգովի ինքնասպանության


18:27 , 12 մարտ, 2019

Հասկանում եմ, որ բոլորս մտահոգված ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությամբ, սակայն կարծում եմ, որ ամենակարևոր մտքերը բանակցությունների ընթացքում պետք է արտացոլեն հետևյալը.

1․ Մեզ հնարավոր չէ այլևս խաբել՝ ասելով` ադրբեջանցին (թուրքը) փոխվել է։ Մենք չենք հավատում ոչ մեկի՝ բացի մեզնից։ 

2․ Մեզ հնարավոր չէ համոզել զոհաբերել մեր անվտանգությունը` փոխարենը ստանալով ինչ-որ «պուպուշ» պայմանագիր` անվտանգության երաշխիքներով։

3․ Մեզ հնարավոր չէ վախեցնել, քանի որ մենք մեր վախի սահմանագիծն անցել ենք։ Ցեղասպանության տարիներին Դեր Զորի անապատներում մենք մեր վախը սպառել ենք, Սումգայիթի և Բաքվի արյունոտ փողոցներում մենք մեր վախը սպառել ենք, մենք այն սպառել ենք 2016 թվականի ապրիլին կապիտան Ուրֆանյանի խրամատում։

Մի խոսքով՝ մեր բախտը միայն մեր ձեռքում է, և ոչ ոք չի կարող մեզ ստիպել գնալ ազգովի ինքնասպանության` «նվիրելով» մեր որոշման իրավունքն ինչ-որ անհասկանալի «միջազգային հանրության» դատի։