Ադրբեջանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կոշտ հայտարարությունը


23:15 , 10 մարտ, 2019

Ադրբեջանը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, հայտարարել է երկրի ԱԳՆ խոսնակը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կոշտ հայտարարությունն օգտագործել է սլաքները հայկական կողմ ուղղելու համար։ Սակայն հարկ է նշել, որ ադրբեջանական կողմը կրկին խեղաթյուրված է ներկայացրել հայտարարությունը։

Բաքուն շեշտը դրել է հայտարարության այն հատվածների վրա, որոնք բխում են իրենց շահերից՝ տարածքների հանձնում ու տեղահանվածների վերադարձ, սակայն այնտեղ, որտեղ հիշատակվում է Արցախի կարգավիճակի հարցը, ադրբեջանական կողմն առաջ է քաշել իր նախապայմանները, թե իբր այդ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի կազմում Արցախին ինքնավարության որոշակի կարգավիճակ տրամադրելով։

Հայկական կողմը, սակայն, բազմիցս հայտարարել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը, ապա դրանում հիշեցվում է 2009-2012 թվականների բանակցությունների սեղանին դրված սկզբունքների (Մադրիդյան սկզբունքներ, Կազանյան փաստաթուղթ) մասին ու կողմերին կոչ արվում դրանց հակասող ու լարվածությունը մեծացնող հայտարարություններ չանել։