7 հանճարեղ ելույթներ, որոնք փոխեցին աշխարհը (Photo)


19:29 , 10 մարտ, 2019

Ուղիղ 52 տարի առաջ՝ 1963թ. օգոստոսի 28-ին, Մարտին Լյութեր Քինգը Վաշինգտոնում հնչեցրեց իր հայտնի «Ես երազանք ունեմ» ելույթը: Մենք որոշեցինք հիշել այն ու հանրահայտ մարդկանց ևս թվով 6 հայտնի ելույթներ: Այս մասին գրում է Cont.ws կայքը:

«Ես երազանք ունեմ»

1963թ. ԱՄՆ-ում տեղի ունեցավ երկրի պատմության մեջ ամենամեծ բողոքի ակցիան՝ աշխատատեղերի, ազատության համար դեպի Վաշինգտոն երթը, որին մասնակցում էր թվով 300 հազար մարդ: Երթի մասնակիցների մոտ 80 տոկոսը սևամորթներ էին, ինչն էլ արտացոլում էր իրադարձության հիմնական օրակարգը՝ բողոք՝ ընդդեմ ռասայական խտրականության:

ԱՄՆ-ում սևամորթների իրավունքների համար պայքարն այն ժամանակ թեժ էր, և այդ պայքարի ակտիվ մասնակիցներից մեկը Թենեսիի բապտիստ քարոզիչ Մարտին Լյութեր Քինգն էր:

Քինգի ելույթը հարուստ էր Աստվածաշնչից հղումներով, ինչպես նաև անդրադարձ էր կատարում վաղուց հռչակված ամերիկյան ազատության և հավասարության հասկացություններին, որոնք այդպես էլ 1963թ. կյանքի չկոչվեցին աֆրոամերիկացիների համար: Լյութեր Քինգը փորձառու քարոզիչ լինելով՝ ելույթի գերազանց տեմպ էր ստեղծել՝ համադրելով այն իր երգեցիկ տեմբրով:

Ելույթն անմոռանալի տպավորություն էր թողել երթի բոլոր մասնակիցների վրա և, ի վերջո, ստիպել էր ԱՄՆ-ի կառավարությանը՝ բոլոր քաղաքացիներին հավասար իրավունքներ տրամադրել: Այս ելույթը կարելի է 20-րդ դարի ամենահայտնի հռետորական/ճարտասանական ստեղծագործությունն անվանել:

Կատիլինի դեմ ելույթը

Մ.թ.ա. 63թ. հռոմեացի քաղաքական գործիչ և հռետոր Մարկոս Տուլիոս Ցիցերոնը, հաղթելով իր մրցակից Կատիլինին, ընտրվեց հյուպատոսի պաշտոնում: Մրցակիցը, սակայն, չէր պատրաստվում հանձնվել և իշխանությունը գրավելու համար սկսեց դավադրություն կազմակերպել: Բայց Ցիցերոնին հաջողվեց ժամանակին բացահայտել դավադրությունը, և նրա առաջ ծառացավ Սենատին համոզելու խնդիրը, որ Կատիլինն ու նրա հանցակիցներն արժանի են ամենախիստ պատժի:

Այդ նպատակով Ցիցերոնը 4 ելույթ գրեց, որոնցից ամենահայտնին առաջինը դարձավ: Այն սկսվում էր լատիներենով ամենահայտնի մեջբերմամբ, որը բոլոր դպրոցներում անգիր էին սովորում: «Կատիլինա, որքա՞ն ես պատրաստվում չարաշահել մեր համբերությունը: Որքա՞ն ես այդքան մոլեգին ծաղրելու մեզ: Որքա՞ն ես պարծենալու հանդգնությամբ՝ չվախենալով որևէ զսպամիջոցից»:

Ցիցերոնի ոչ պակաս հայտնի «Օ՜ ժամանակներ», «Օ՜ բարքեր» (O tempora! O mores!) արտահայտությունները նույնպես ելույթից են: Ի դեպ, Ցիցերոնն իր հռետորական արվեստի շնորհիվ լիովին հասավ իր նպատակին. Կատիլինը ստիպված էր փախչել Հռոմից, իսկ նրա կողմնակիցները մահապատժի ենթարկվեցին:

Լեռան քարոզը

Եթե մեր վարկանիշը կազմվեր պատմության նկատմամբ ելույթների ազդեցության աստիճանով, ապա Լեռան քարոզը, իհարկե, կզբաղեցներ առաջին հորիզոնականը: Ի վերջո, նրանում է ներկայացված քրիստոնեական վարդապետության ամբողջ էությունը, որը տարբերվում է Հին Կտակարանից:

Միայն Լեռան քարոզը բավական էր Լև Տոլստոյին՝ քրիստոնեությունը հասկանալու ու սեփական ուսմունք ստեղծելու համար, որն էլ հետագայում արձագանք գտավ Մահաթմա Գանդիի և Մարտին Լյութեր Քինգի սրտերում:

Հենց Լեռան քարոզում են ներառված երանության պատվիրանները, «Հայր Մեր»-ը, «Եթե հարվածում են մի այտիդ, մյուսն էլ դեմ տուր», «Մի դատիր, որ չդատվես» խրատները:

Գեթիսբերյան ճառը

յութեր Քինգի հայտնի «Ես երազանք ունեմ» ելույթը հնչեց Վաշինգտոնում Լինքոլնի հուշահամալիրի աստիճաններից: Հուշահամալիրում, ի թիվս այլ բաների, կա մի սալիկ, որի վրա փորագրված է Լինքոլնի կողմից Փենսիլվանիա նահանգի Գեթիսբերիի զինվորների համար գերեզմանոցի բացման արարողությանն արտասանած 272 բառը:

Գերեզմանոցը բացվեց Գեթիսբերյան ճակատամարտից անմիջապես հետո, որն էլ շրջադարձային եղավ ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմում հյուսիսային և հարավային նահանգների միջև դիմակայության մեջ:

Լինքոլնը պարզապես պետք է հայտներ իր ցավակցությունը, բայց նա դա այնպես արեց, որ իր ելույթը մնաց պատմության մեջ՝ որպես քաղաքական գործչի կողմից հնչեցրած ամենահայտնի ելույթներից մեկը:

Ելույթն ընդամենը 2 րոպե տևեց, որի ընթացքում Լինքոլնին հաջողվեց փոխել իր հայրենակիցների պատկերացումը պատերազմի մասին: Նրանք պատերազմի մեջ տեսան ոչ միայն պայքար մի պետության համար, այլև իրական ազատության և հավասարության համար իրենց հայրերի պայքարի շարունակությունը:

Տոտալ պատերազմի մասին ելույթը

Ցավոք սրտի, դժվար չէ հռետորական արվեստն օգտագործել վատ նպատակներով, ինչն էլ անում էին բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնցից ամենահաջողակն Ադոլֆ Հիտլերն էր: Գերմանացի ֆյուրերը տարբերվում էր ճարտասանի վարպետությամբ և գերում էր ունկնդիրներին ոչ միայն բառերով, այլև դիմախաղով ու ժեստերով: Այնուամենայնիվ, երբ 1943թ. Ստալինգրադի ճակատամարտում պարտությունից հետո գերմանական բանակի վիճակն այնքան էլ լավ չէր, Հիտլերը հրաժարվեց հրապարակային ելույթներից ՝ թույլ տալով իր զինակից Յոզեֆ Գեբելսին բարձրացնել զինվորների մարտական ոգին:

Ցավոք սրտի, Գեբելսն իր պարտկանությունները փայլուն կատարեց: Բեռլինի Սպորտի պալատում նրա ելույթը պատմության մեջ մնաց՝ որպես հռետորական գլուխգործոց:

Գեբելսը 10 հարց էր պատրաստել, որոնցից մեկն այսպես էր հնչում.

«Ցանկանո՞ւմ եք տոտալ պատերազմ: Եթե անհրաժեշտություն լինի, տոտա՞լ, թե՞ արմատական (ռադիկալ) պատերազմ կցանկանաք»: Հենց այդպես պատմության մեջ մտավ Տոտալ պատերազմի մասին ելույթը:

Ֆուլտոնյան ելույթ

Բրիտանիայի պահպանողական կուսակցության առաջնորդ Ուինսթոն Չերչիլը ևս կարող էր պարծենալ հռետորի բացառիկ տաղանդով. նա միանգամից մի քանի հայտնի ելույթների հեղինակ էր, որոնցից ամենախորաթափանցն Ամերիկայի Ֆուլտոն քաղաքում 1946թ. Ունեցած ելույթն էր: Ենթադրվում է, որ այս ելույթով սկսվեց սառը պատերազմը:

Իր ելույթում Չերչիլը հարգանքով էր խոսում ԽՍՀՄ-ի և ռուս ժողովրդի մասին՝ հաշվի առնելով II-րդ համաշխարհային պատերազմում հաղթանակի մեջ նրանց դերը: Բացի այդ, բրիտանացի քաղաքական գործիչը, այսպես ասած, բացել էր բոլոր խաղաքարտերը և ընդունել, որ Արևմուտքի երկրներին, տոտալիտար (ամբողջատիրական) կոմունիստական ռեժիմին դիմակայելուց բացի, ոչինչ չի մնացել:

Չերչիլի ելույթը կանխագուշակող էր. նա ոչ միայն գուշակեց Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկար տարիների հարաբերությունները, այլև ներմուծեց «երկաթե վարագույր» արտահայտությունը, որը մինչ օրս գործածվում է: Հատկանշական է նաև, որ Ֆուլտոնյան ելույթը Չերչիլը հնչեցրել է այն ժամանակ, երբ արդեն Մեծ Բրիտանիայի վարչապետը չէր, այնուամենայնիվ, այս ելույթն ամբողջ աշխարհում մեծ արձագանք (ռեզոնանս) ստացավ:

Սթիվ Ջոբսի ելույթը

Այսօր մարդիկ քաղաքական գործիչների ելույթներին, նախկինի համեմատ, այդքան ակտիվ չեն հետևում, ինչը շատ լավ է:

2005 թվականին Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը, որի կապիտալիզացիան ընդամենը երեք անգամ է պակաս ՌԴ-ի ՀՆԱ-ից, Սթենդֆորդի համալսարանի շրջանավարտների համար ելույթ ունեցավ: Ջոբսի բառերը չէին առանձնանում իրենց պաթետիկ կամ գեղեցիկ վանկերով, ընդհակառակը, նա չոր էր խոսում, իսկ տեքստը բաղկացած էր նրա կյանքի 3 պատմությունից:

Այնուամենայնիվ, Սթիվ Ջոբսի ելույթը, բառիս բուն իմաստով, պայթեցրեց համացանցը և անհավատալի հայտնիություն ձեռք բերեց: Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ փորձով իմաստնացած մարդն անկեղծ խոսում է: