Panorama.am-ը գրում է.
ՀՀ Ազգային ժողովի և ՕքսԵՋեն հիմնադրամի նախաձեռնությամաբ այսօր խորհրդարանում տեղի ունեցավ «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառումը:
Միջոցառման նպատակն է ազդարարել Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության հարթակի մեկնարկը, որի համար հիմք կհանդիսանա միջոցառման շրջանակում ստորագրված Ազգային ժողովի և շահագրգիռ ՔՀԿ-ների միջև փոխըմբռնման հուշագիրը: Հարթակը միտված է խթանելու երկկողմ շարունակական երկխոսություն և արդյունավետ աշխատանք, հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների:
ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը բացման խոսքում նախ անդրադարձավ մարտի 8-ի խորհրդին՝ նշելով, որ շատ այլ քաղաքական գաղափարների հետ միասին մարտի 8-ի գաղափարը մեր երկրում իմաստազրկվել էր վերջին տասնամյակներին: «Մարտի 8-ը երկար տարիներ անվանել են կանանց տոն և կապել զուտ ծաղիկ նվիրելու, կանանց կենացը խմելու օրվա հետ, և այդ ընթացքում մոռացության է տրվել իսկական խորհուրդը: Այսօր ուրախ եմ, որ վերարժևորում ենք և մարտի 8-ը նշում ենք ոչ թե պարզապես կանանց տոն, այլ կանանց իրավունքների և քաղաքական պայքարի օրը»,- ասաց Լենա Նազարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում և հայերի շրջանում կանանց խնդրի և կանանց ազատագրման հարցի բարձրաձայնումն ունի ավելի քան 150 տարվա պատմություն: Այդ պատմության շարժիչ ուժերից են Զապել Եսայանը, Սրբուհի Տյուսաբը, Մարիամ Խատիսյանը, Շուշանիկ Կյուրղինյանը և շատ այլ հասարակական-քաղաքական գործիչ կանայք, որոնց անունները, ըստ Լենա Նազարյանի, շատերն անգամ չեն լսել:
«Իրենց գործով կամ օրինակով պայքարած բազմաթիվ կանանց պատմությունները մեզ չեն պատմվել, նրանց մասին դպրոցներում և նույնիսկ համալսարաններում չեն ուսուցանել, բայց մենք այսօր վայելում ենք այն ազատությունները և իրավունքները, որոնք նվաճվել և իրացվել են այդ կանանց կողմից: Հետևաբար, մարտի 8-ը նախ և առաջ մեր շնորհակալության օրն է աշխարհի բոլոր այն կանանց, որոնք մեզանից առաջ եռանդ, ջանք ու կյանք են դրել կանանց ազատագրման և խնդիրների լուծման պայքարում»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:
Լենա Նազարյանի խոսքով՝ կանանց իրավունքների համար պայքարը պետք է շարունակվի: Ըստ նրա՝ Հայաստանում այսօր կանայք ունենք ակնառու և չերևացող խնդիրներ, թեև Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքներով կանայք ունեն ամրագրված իրավահավասարություն, սակայն գործնականում կանանց իրավունքների իրացման հնարավորությունները մնում են սահմանափակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ