Լսելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ իմ մեջ կամաց-կամաց մարող հույսն արթնացավ


17:45 , 13 հունիս, 2013

Լսելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ իմ մեջ կամաց-կամաց մարող հույսն արթնացավ, սկսեցի հանգստանալ, որ ամեն ինչ կորած չէ, որ, այնուհանդերձ, իշխանությունները գոնե կարողանում են սկզբունքային գնահատականներ տալ, պահանջներ հնչեցնել... Ուրեմն, արդեն բոլորն են հասկանում, որ այսպես շարունակել չի կարելի, որ երկրում ճշմարիտ վերափոխումներ ու նոր վերաբերմունքներ են անհրաժեշտ: Մի առիթով ընկերներիցս մեկին ասել եմ, որ Հայաստանում հեղափոխությունը կլինի ոչ թե հրապարակներում, այլ՝ իշխանության ներսում, որ հենց իշխանությունները կնախաձեռնեն նոր հեղափոխությունը: Եվ Հովիկ Աբրահամյանի այսօրվա դիտողությունն արդեն հուշում է, որ ինչ-որ բան, այնուհանդերձ, տեղից շարժվում է... Իհարկե, միամիտ չեմ՝ մտածելու, թե իշխանություններն իրենք իրենց գերեզմանափորը կդառնան, սակայն համոզված եմ, որ համակարգային փտախտն արդեն իշխանություններին էլ է անհանգստացնում... Ու հայաստանյան ժողովուրդն էլ շատ բան չի ուզում իշխանություններից՝ ընդամենը վերափոխումներ: Մենք պատերազմների ու արհավիրքների միջով ենք անցել, մենք 1988-ի ազգավեր երկրաշարժի ցավերի միջով ենք անցել, ուրեմն, ցանկացած դժվարության կդիմանանք, միայն թե իշխանությունները հարգեն ժողովրդին, նրա հետ միասին բարձրաձայնեն ձևավորված գեշ ավանդույթների, երկրում տիրող թալանի, որոշ պաշտոնյաների ցինիկ պահվածքի, ժողովուրդ-իշխանություն անջրպետի մասին: Ու ամեն ինչ, իսկապես, լավ կլինի: Հայ մարդն իշխանամեծար է, իշխանապաշտ չէ, պետականամետ է, պետականապաշտ է... Վստահենք իրար և իրար հետ կռվենք, իրար հետ պայքարենք...
ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ

«Պարո՛ն Զաքարյան, չե՞ք կարծում, որ հանրության մեջ տպավորություն կստեղծվի, որ եթե մենք այդ թերություններն ու յուրացումները հայտնաբերում ենք եւ ոչ մի պատիժ չենք կիրառում, ոնց որ` մենք էլ ենք մասնակից: Նույն բանը ես Ձեզ մի անգամ ասել եմ, եթե Դուք գալիս եք, այս ամբիոնից հնչեցնում եք այդ թերությունը, պետք է շարունակական գործընթացը լինի, պետք է մարդկանցից ազատվել, անփոխարինելի պաշտոնյա կա՞: Ես զարմացած եմ ուղղակի, կառավարության ղեկավարը`վարչապետը, պետք է լուրջ քայլեր անի այս ուղղությամբ: Ինչի՞ մասին է խոսքը: Հիմա գալիս եք խորհրդարանում ներկայացնում եք, բոլորը լսում են, ասում` գնացին խորհրդարանում ասեցին, բայց բան չարեցին: Ես գտնում եմ եւ կարծում եմ, որ բոլոր պատգամավորներն էլ համաձայն են ինձ հետ, որ սա կունենա լուրջ հետեւանքներ, եւ այդ մարդկանցից պետք է ազատվենք, ովքեր զբաղված են թալանով, կեղծիքներով, յուրացումներով»:
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ