Մարզերում մարդիկ ճանապարհ են փակում, իսկ ԱԺ-ում թուրքական լոլիկի ու թալիշների առաջնորդի ապաստանի հարցն են քննարկում


10:29 , 7 մարտ, 2019

Թուրքական լոլիկ, թալիշների առաջնորդի ապաստանի հարց․ ահա սրանք են այսօրվա ԱԺ-ում բարձրացվող կարևորագույն և ազգին հուզող հարցերը: 

Մարզերում մարդիկ ճանապարհներ են փակում, կառավարության առաջ տարբեր սոցիալական խմբեր բողոքի ակցիաներ են անում, մարդիկ հստակ քայլեր են ակնկալում ԱԺ-ից և կառավարությունից, իսկ իրենք շարունակում են երկրորդական հարցերն ասպարեզ բերելով խուսափել ամենաակտուալ թեմաներից:

Չեն խոսում Արցախի հարցից, տնտեսական խոստացված ներդրումներից, զբոսաշրջության իրենց իսկ խոստացած բումից և խոսում են ամեն ինչից՝ բացի կարևորից: Սա՞ է մեր քաղաքական օրակարգը, սրա՞ համար են մարդիկ ձեզ վստահել և մանդատ տվել, որ հազարավոր պետական աշխատողի անվանեք արժեք չստեղծող զանգված և թիվ մեկ ամբիոնից նրանց մեղադրեք:

Իսկ երբևէ մտածե՞լ եք, որ այդ մարդիկ էլ են հայ, քաղաքացի, ունեն ընտանիք, երեխաներ, արժանապատվություն, ընկերություն, հարազատություն: Այդ մարդիկ ևս պետք է ապրեն ձեր թավշյա երկրում, բայց ձեր պատկերացումով, քանի որ նրանք փողոց չեն փակել և չեն քայլել, ուրեմն՝ արժեք ստեղծող չեն, այլ պարապ ժողովրդի հաշվին ապրող զանգված են:

Հնարավոր է՝ ձեր թիմում մարզպետ, թաղապետ և այլ չինովնիկներն էին արժեք ստեղծող, որ միլիոններով պարգևավճարներ ստացան երկու ամիս աշխատելուց հետո, բայց, հավատացեք, այդ «գերանդին» միշտ ձեր ձեռքում չի լինելու, որ դուք էլ որոշեք՝ որ աշխատողին «հնձեք», իսկ որին՝ ոչ:

Եվ վերջում՝ շատ վատ ու տգեղ համեմատական էր հնձելու մասին հնչեցված խոսքը սեփական ժողովրդի և պետական համակարգի հազարավոր մարդկանց մասին: