Պետրոս Ղազարյանը հաղորդման կեսից փոշմանել էր, որ հրավիրել է Արմեն Դուլյանին


14:56 , 13 հունիս, 2013

Դիտելով Պետրոս Ղազարյանի և Արմեն Դուլյանի հաղորդումը՝ ուղղակի ապշեցի: Երկուսն էլ անկեղծ չէին: Առաջին հերթին, Պետրոս Ղազարյանից երևաց, որ նա հաղորդման կեսից փոշմանել է, որ հրավիրել է Արմեն Դուլյանին, քանզի, երբ Արմեն Դուլյանը խոսում էր, որ նախագահականից ինչ-որ բաներ են ասել հեռուստաընկերության ղեկավարին, Պետրոս Ղազարյանը, մի պահ մոռանալով, որ ինքն աշխատում է Բարգավաճ Հայաստան կուսակցությանը պատկանող հեռուստաընկերությունում, սկսեց պաշտպանել նախագահականին: Կամ էլ ինչ-որ բան է փոխվել` մենք չգիտենք:
Իսկ պարոն Դուլյանի խոսքերում տարօրինակ էր այն, որ նա պնդում էր, որ մի քանի տարի շարունակ փաստացի ինքը նախագահականից եկած հրահանգները կատարել է, և հիմա, երբ արդեն նրան աշխատանքից հեռացրել են, նա այդ ամենը բացահայտում է: Եթե Դուք չէիք ցանկանում կատարել, կամ Ձեզ համար ընդունելի չէր կատարել նախագահականից եկած հրահանգները, կարծում եմ, հենց առաջին իսկ հրահանգի դեպքում Դուք կարող էիք դուրս գալ աշխատանքից՝ պնդելով, որ Դուք չեք կատարում նման հրահանգներ: Մեղմ ասած` ես անընդունելի եմ համարում այն, որ աշխատանքից հետո ուղղակիորեն Դուք բացահայտում եք հեռուստաընկերության գաղտնիքները, եթե իհարկե դրանք համապատասխանում են իրականությանը: 
Այդ հաղորդման ամենահետաքրքրականն այն էր, որ Արմեն Դուլյանը Գագիկ Ծառուկյանին պատկանող հեռուստաընկերության տաղավարում հայտարարում է, որ իր համար անթույլատրելի է, սակայն ինքը Պրահայում մասնակցել է այնպիսի մի ցույցի, որի պահանջը եղել է, որ հեռուստաընկերությունները չեն կարող լինել այս կամ այն քաղաքական ուժի ազդեցության ներքո:
Պարո´ն Դուլյան, Դուք գտնվում էիք մի հեռուստաընկերությունում, որը պատկանում է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, և ես զարմացա, որ Պետրոս Ղազարյանը չպատասխանեց և չփորձեց հիմնավորել, որ պարոն Դուլյանը ճիշտ չէ, կամ միգուցե Պետրոս Ղազարյանն էլ է համամիտ և ուղղակի աշխատավարձի համար է աշխատում այդ հեռուստաընկերությունում: