Արմեն Դուլյան, դուք իջաք նրանց մակարդակին


14:51 , 13 հունիս, 2013

Արմեն Դուլյանի հետ «Սիվիլնեթի» և «Կենտրոն» հեռուստաընկերության հարցազրույցները չպիտի դիտեի։ Ափսոսում եմ, որ այդ հարցազրույցներից հետո կարծիքս ճանաչված լրագրողի մասին փոխվեց։ Իսկ դրանից առաջ, լսելով «Շանթից» նրա հեռացման լուրը, անկեղծորեն ցավեցի նրա համար ու մտքում մի լավ «տեղը դրեցի» աշխատանքից նրան հեռացնողին։
Ու ահա ազատամիտ, ազատասեր լրագրողին հեռուստամեկնաբանը հիշեցնում է, որ արդեն երկրորդ դեպքն է, երբ Ֆեյսբուքում արված գրառումների պատճառով լրագրողին ազատում են աշխատանքից։ Առաջին դեպքը «Հայոց աշխարհի» լրագրող Կիմա Եղիազարյանինն է, իսկ Արմեն Դուլյանը, ոչ ավել, ոչ պակաս, հայտնում է, որ դրանք չպիտի նույնացնել, դրանք տարբեր են։ Ստացվում է, որ Կ. Եղիազարյանին աշխատանքից ազատելու համար ճիշտ են վարվել, որովհետև նրա ներկայացրած թերթը իշխանամետ ուղղվածություն ունի, իսկ Կիման Ֆեյսում դուրս է եկել այդ ուղղվածության դեմ, մինչդեռ Արմեն Դուլյանի դեպքում՝ սխալ են վարվել, որովհետև աշխատանքից հետո ինքը լրիվ ազատ մարդ է և ամեն հարցում ազատ արտահայտվելու իրավունք ունի...
Դուլյանն ավելի հիասթափեցրեց ինձ մյուս էպիզոդում, երբ հայտնեց, որ Ֆեյսբուքում իշխանություններին հայհոյում են, նրանց վերաբերյալ ծաղրանկարներ են զետեղում, որոնց համար դրանց հեղինակներին կարելի է դատի տալ... Կեցցես, Արմեն Դուլյան։ Քո դեպքում դու հրեշտակի պես անմեղ ես, սոց. ցանցում սեփական կարծիք հայտնելու իրավունք ունես, իսկ Կիմա Եղիազարյանն ու մյուս բոլորը մեղավոր են, դեռ մի մասին էլ կարելի է դատի տալ։
Սա էլ մեր ազատամիտ լրագրողը։ Չեմ արդարացնում Դուլյանին աշխատանքից հեռացնողներին, ավելին՝ գարշում եմ դրանցից։ Բայց Արմեն Դուլյանին արդեն նրանցից չեմ տարբերում, նա իջավ իր բոսերի մակարդակին։ Ցավում եմ շատ։