Տիկին Հակոբյան, դուք թքած ունե՞ք, թե ինչ է գրում մամուլը ձեր մասին


22:15 , 6 մարտ, 2019

Armtimes.com-ը գրում է.

«Աննա Հակոբյանը ամուսնու հետ կրկին մեկնել է», «Փաշինյանի կինը, դուստրը և կնոջ ընկերուհին պետության հաշվին այս անգամ մեկնել են Բելգիա»:

Սրանք վերնագրեր են, որ երեկ հայտնվեցին հայկական լրատվամիջոցներում, որպես շատ սենսացիոն տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում նրա հետ Բելգիա են մեկնել նաեւ «վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը եւ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը»:

Տեղեկատվությունն իսկապես հետաքրքիր է, հայկական լրատվամիջոցների ուշադրությանը արժանի, եւ նույնիսկ մասամբ ճիշտ, որովհետեւ ես եւ դուստրս՝ Մարիամը, իսկապես մեկնել էինք Բրյուսել, բայց այն, որ ինձ հետ էր նաեւ ինչ-որ ընկերուհի, հայտնի չէր անգամ ինձ:

Ինչպես արդեն ներկայացրել եմ, մարտի չորսի երեկոյան Բրյուսելի փողոցում քայլելիս դեմ դիմաց հանդիպեցինք Հայաստանի պատվիրակության հետ Բելգիա մեկնած հայ լրագրողների խմբին: Հիմա պատկերացնենք, թե որոնք պետք է լինեին լրագրողի գործողությունները, երբ նա պետության ղեկավարի պաշտոնական այցը լուսաբանելու համար գտնվում է Բելգիայի մայրաքաղաքում եւ պատահաբար փողոցում հանդիպում է ղեկավարի տիկնոջն ու դստերը, որոնց այդտեղ գտնվելու մասին ոչինչ հայտնի չէր մինչեւ այդ պահը, իսկ Հայաստանի մամուլի էջերից դեռ չէր իջել նախորդ՝ Շվեյցարիա կատարած այցին տիկնոջ մասնակցության սկանդալը:

Տարբերակ 1

Լրագրողը առաջին վայրկյանների շոկը արագ հաղթահարում է, պայուսակից հանում ֆոտոխցիկը կամ հեռախոսը, պատրաստում է նաեւ ձայնագրիչը (այս երկու գործիքները պետք է լրագրողի հետ լինեն ցանկացած ժամի եւ ցանկացած վայրում), հակառակ մայթով վազելով առաջ է անցնում «թիրախներից», կրկին հայտնվում է նրանց դիմաց, մի քանի անգամ լուսանկարում է, որպեսզի գոնե մեկ որակյալ լուսանկար ունենա, ապա հանդարտ, բարեհամբույր ժպիտով մոտենում է տիկնոջը, մեկնում է նախապես միացրած ձայնագիչը եւ սկսում հարցեր տալ.

Հարց - Բարեւ ձեզ տիկին Հակոբյան, շատ անսպասելի էր, որ ձեզ հանդիպեցինք այստեղ, որովհետեւ պաշտոնական հաղորդագրություն չի եղել այն մասին, որ դուք պետք է ուղեկցեիք ձեր ամուսնուն այս այցի ընթացքում, ինչպե՞ս պատահեց, որ եկաք, ինչ-որ ծրագիր ունե՞ք, որ մեզ հայտնի չէ:

Պատասխան......

Հարց - Տիկին Հակոբյան, բոլորովին վերջերս հայկական լրատվամիջոցները գրում էին, որ դուք ձեր ամուսնու հետ մեկնել եք Շվեյցարիա, ձեզ մեղադրում էին, որ ձեր այցը բյուջեի վրա մի քանի միլիոն դրամ է նստել, բացի այդ գրում էին, որ բրենդային խանութներից մի քանի միլիոն դրամի էլ գնումներ եք կատարել: Ընդամենը շաբաթներ են անցել, եւ դուք հիմա կրկին ուղեկցում եք ձեր ամուսնուն, ինչպե՞ս դա հասկանալ, կարո՞ղ ենք արդյոք մեկնաբանել, որ դուք թքած ունեք, թե ինչ են խոսում ձեր այցերի մասին լրատվամիջոցներում, եւ ձեզ հաշվետու չեք համարում հասարակության եւ ընտրողների առաջ: 

Պատասխան.....

Հարց - Իսկ այս անգամ դուք եւ ձեր դուստրը ի՞նչ միջոցներով եք եկել Բելգիա, ինչո՞վ եք զբաղվել այսօր ողջ օրվա ընթացքում, ո՞րն է ձեր այցի նպատակը եւ բյուջեից որքա՞ն գումար է ծախսվել ձեր եւ ձեր դստեր այցի վրա:

Պատասխան....

Հարց - Տիկին Հակոբյան, Ֆրանսիա կատարած այցից հետո, դուք ձեր ֆեյսբուքյան էջում տեղադրեցիք Փարիզում կատարած գնումների նկարները՝ փարատելու համար այն կասկածները, թե շքեղ շոփինգ եք արել այնտեղ: Գուցե այս անգամ մե՞զ հնարավորություն տաք լուսանկարել, թե ինչ եք գնել Բրյուսելում, եթե թաքցնելու բան չունեք եւ մի քանի միլիոնի գնումներ չեք կատարել բրենդային խանութներից, պետք է որ իմ այս առաջարկը ձեզ դուր գա, որովհետեւ հետո ստիպված չեք լինի կրկին ձեր ֆեյսբուքյան էջում անդրադառնալ այս թեմային: 

Այս հարցուպատասխանից հետո այդ երեկոյի եւ հաջորդ օրվա ընթացքում մոտենում է հայկական պատվիրակության անդամներին, Բելգիայում հայկական դեսպանության աշխատակիցներին, հյուրանոցի սպասարկող անձնակազմին եւ off-record հարցեր է տալիս Հայաստանի վարչապետի տինոջ եւ դստեր մասին, որոնց արդյունքում իր համար մաքսիմում բացահայտում է նրանց «տեղաշարժը»: Գուցե էլ ավելի սենսացիոն տեղեկություններ է կորզում, եւ արդյունքում ունենում է սենսացիոն լուսանկար, սենսացիոն հարցազրույց, եւ առհասարակ սենսացիոն նյութ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ