Գիտնականները որոշել են, թե մարդուն որքան ազատ ժամանակ է անհրաժեշտ իրեն երջանիկ զգալու համար


05:45 , 6 մարտ, 2019

Կալիֆո8նիայի և Փենսիլվանիայի համալսարանների մի խումբ գիտնականներ փորձել են պարզել, թե ամեն օր որքան ազատ ժամանակ է անհրաժեշտ մարդուն իրեն երջանիկ զգալու համար: Ինչպես պարզվել է, սկզբում մարդիկ իսկապես սկսում են ավելի լավ զգալ, երբ ազատ ժամանակ են ունենում: Սակայն երկու ժամից սկսած` ազատ ժամանակի ավելացումը բավարարվածության զգացողության աճ չի առաջացնում, գրում է Die Welt-ը: Գիտնականները նման եզրակացության են եկել իրենց հետազոտության առաջին փուլում` 1992-2008թթ. ընթացքում հարցում անցկացնելով 13639 աշխատող ամերիկացիների շրջանում: Միևնույն ժամանակ, հարցման մասնակիցները պետք է պատասխանեին ազատ ժամանակի տևողության և կյանքից բավարարվածության վերաբերյալ հարցերին:

Ուսումնասիրության երկրորդ փուլի հիմքում ընկած էին հետազոտության տվյալներն այն մասին, թե ինչպես են ամերիկացիներն անցկացնում իրենց ազատ ժամանակը: Հարցմանը մասնակցել է 21736 մարդ: Երկրորդ փուլի հարցումն ամբողջացրել է պատկերը, քանի որ ավելի հստակ է սահմանվել, թե հատկապես ինչ է «ազատ ժամանակը»: Եվ եթե մարդը, օրինակ, մասնագիտական գրականություն է կարդում, կարո՞ղ է դա հանգիստ համարվել: Այս փուլում հարցվողները հաճախ բացասական գնահատական են տվել իրենց երջանկության մակարդակին ավելորդ ազատ րոպեների պատճառով:

Մասնակիցներից շատերը պատասխանել են, որ առավել գոհ կլինեին, եթե ամեն օր հանգստի համար 2.5 ժամ ազատ ժամանակ ունենային: Ավելի քիչ տևողությամբ ազատ ժամանակը նրանք կապել են սթրեսի բարձր մակարդակի հետ: