23:35 , 5 մարտ, 2019Հաշվի առնելով, որ Բաց հասարակության հիմնադրամները հանդիսանում են «Ռեստարտ» նախաձեռնության ֆինանսավորողը, մասնավորապես 26.12.2018թ-ին տրամադրել եք 20.000 դոլար։ Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպի հետ կապված նամակով դիմեցի OSF ARMENIA-ին՝ խնդրելով պատասխանել 4 հարցի: Ստացա OSF ARMENIA-ի պաշտոնական պատասխանները, որոնք ներկայացնում եմ ստորև:
Հարց 1. Արդյոք մարդկանց աղբարկղերի մեջ գցելը հանդիսանո՞ւմ է OSF-ի կողմից տրամադրված գրանտի գործառույթներից։
OSF - Ոչ, մարդկանց աղբարկղերի մեջ գցելը չի հանդիսանում հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհի գործառույթ։ Հիմնադրամը դատապարտում է ցանկացած տեսակի բռնություն։ Մանրամասն հայտարարության տեքստը կարող եք գտնել հիմնադրամի կայքում։
Հարց 2. Արդյոք քաղաքական հայացքների պատճառով մարդկանց վրա հարձակում կազմակերպող կառույցին ֆինանսավորումը չի՞ հակասում OSF-ի սկզբունքներին։
OSF - Հիմնադրամը չի ֆինանսավորում կառույցների, որոնք քաղաքական կամ որևէ այլ հայացքների համար մարդկանց հետապնդում են կամ որևէ տեսակի հարձակում գործում։ Միջադեպը տեղի է ունեցել մի քանի անձանց միջև և կրում է անհատական բնույթ։ Միջադեպի մասնակիցները նշել են, որ գործել են ոչ թե կազմակերպության անունից, այլ անձնական նախաձեռնությամբ։ Եվ, որպես այդպիսին, դրամաշնորհ ստացած «Ռեստարտ» ՀԿ-ն չի կարող նույնականացվել միջադեպի մասնակիցների հետ և պատասխանատու լինել այդ գործողության համար։
Հարց 3. Ակնհայտ քրեական հանցանք կազմակերպած կառույցի հետագա ֆինանսավորում այսուհետ նախատեսվո՞ւմ է ապագայում։
OSF - Գործողության ակնհայտ քրեական լինելը կարող է հաստատվել կամ մերժվել միայն դատարանի կողմից։ Ինչ վերաբերում է «Ռեստարտ» ՀԿ-ին տրամադրված դրամաշնորհին, ծրագիր իրականացնողը հանդիսանում է «Ռեստարտ» ՀԿ-ն, ծրագիրը սկսվել է ս/թ փետրվարի 1-ից և դրա հետագա ճակատագիրը կախված է այն իրականացնելու ընթացքից։
Հարց 4․ Արդյոք OSF գլխամասային գրասենյակը տեղյա՞կ է OSF շահառուների կողմից իրականացվող հարձակման մասին։ Եթե այո, ապա ի՞նչ գնահատական է տալիս իրականացված հարձակմանը։
OSF - Բաց հասարակության հիմնադրամները՝ ներառյալ Հայաստանի գրասենյակը, քննադատում են ցանկացած տեսակի բռնություն։
ՕSF ARMENIA-ի կողմից իմ պրոֆեսիոնալիզմի ու անկողմնակալության նպատմամբ կային որոշակի կասկածներ
, այդ իսկ պատճառով դրել եմ պատասխանի ամբողջական տեքստն առանց խմբագրումների:
Նույն հարցադրումով դիմեցինք նաև Բաց հասարակության հիմնադրամի գլխամասային գրասենյակին: Ստացանք հետևյալ պատասխանը․ «Միջադեպի բոլոր առնչությունները կիրակնօրյա միջադեպի և OSF Armenia-ի հետ կեղծ են: Մենք դատապարտում ենք այս բնույթի ցանկացած հարձակում, ինչպես նաև նրանց, ովքեր տարածում են կեղծիքներ մեզ բաժանելու նպատակով: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին հիմնավորված ու տեղեկացված երկխոսության»:
Վերոնյալ կարծիքներից ելնելով՝ կարելի է հանգել հետևյալ եզրակացություններին․
OSF-ի համար գոյություն ունի երկու տեսակի Դավիթ Պետրոսյան և ընկերներ: Մի Դավիթը պատկառելի կառույցի դեկավար է ու ստացել է գրանտ, որի շրջանակներում չէր ենթադրվում մարդկանց ծեծել ու աղբարկղը գցել: Մյուս Դավիթն իր կառույցի անդամների հետ մարդկանց աղբարկղը գցելու փորձ է անում ու ԶԼՄ-ներով բացեիբաց խոստովանում է դա: Կարելի է ենթադրել՝ OSF-ի համար առաջին Դավիթը և նրա գործընկերները պուպուշ են, քանի որ «Ռեստարտն» ընդհանրապես կապ չունի այդ միջադեպի հետ: Բայց կան նաև ինչ-որ «քըխ ու փուֆ» Դավիթ ու ընկերներ, որոնց արարքը քննադատվում է, բայց քանի որ դատարանում նրանց հանցանքը չի ապացուցվել, նրանք նույնպես պուպուշ են: Չնայած դատարան և նախաքննություն դեռ չի եղել, OSF-ի համար պարզ է, որ միջադեպը եղել է «անհատական բնույթի»: