Հիստերիայի թիրախը ոչ թե Վանյանի ֆիլմերի ցուցադրությունն էր, այլ «Ասպարեզ» ակումբը


16:44 , 16 ապրիլ, 2012

Festival fallout: Vanyan organizes show of Azeri films at restaurant outside Gyumri«Ասպարեզ» ակումբում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման հետ կապված. բոլորին առաջարկում եմ վերջ տալ բանավեճն ու հիստերիան: Ես 200 անգամ բացատրել եմ արդեն եւ իմ եւ Ասպարեզի դիրքորոշումն ու առաքելությունը, շատերը համարեցին, որ «Ասպարեզը» գրաքննչական ֆունկցիաներ պիտի ստանձներ, մենք այդ կարծիքին չէինք ու չենք:

Հիստերիայի շարունակությունը այսօր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի քարկոծումն է եղել, կան նաեւ մարդկանց ֆիզիկական վնասվածքի մասին լուրեր: Եւ դա եղել է այն բանից հետո, երբ Վանյանը հայտարարել է այնտեղ ֆիլմերի ցուցադրությունից հրաժարվելու մասին: Ուրեմն թիրախը Վանյանի ֆիլմերի ցուցադրությունը չէր...: Վանյանից սրալքները ուղղել «Ասպարեզի», ՀՔԱՎԳ-ի իմ կամ Արթուրի վրա, հատուկ դիտավորություն է, զանազան անհեթեթ վարկածներով հրահրված. (իբր ես ու Արթուրը առաջիկա քաղաքապետերի ընտրություններում թեկնածություններ ենք առաջադրելու..., իբր իշխանությունը մեր հախից գալու խորամանկ ելք է գտել՝ իմանալով մեր վարքն ու հասարակական գործունեության հատկանիշները՝ Վանյանին գործուղել է մեզ վրա, որ մենք էլ մնանք մեր դիրքորոշմանը եւ քարկոծելով, վիրավորելով ու իրենց հասկացած ձեւերով վարկաբեկելով վնասի մեզ, եւ այդպիսի մի 10 վարկած եւս. հիմարություն):

Ես չեմ կարող դեմ լինել բողոքի խաղաղ ակցիաներին, ում դեմ էլ դրանք լինեն, մանավանդ՝ մեր: Ես ինքս բողոքի մի քանի տասնյակ ակցիաների կազմակերպիչ ու մասնակից եմ, բայց եթե իմ բողոքի ակցիաների թիրախները գան ակումբում մեզ քննադատելու դռները լայնորեն կբացեմ նրանց առաջ..., հոգնեցինք բացատրելով: Բայց ֆիլմի ցուցադրման դեմ ֆիզիկական եւ նյութական վնասներ հասցնելով, վիրավորելով եւ զրպարտելով խնդիրը ոչ թե լուծվում է, այլ բարդանում, լավ կլինի այդ ճանապարհով բողոքներն արտահայտողները հնարավորինս արագ հասկանան սա: «Ասպարեզն» առայժմ մնացել է իր կանոնների, իսկ ես՝ չափի մեջ:

Այս տեսակ բախումը ՀԿ-ների հետ լուծում չէ՝ 10000 տոկոս:

Վանյանին, իր ծրագրերին դեմ լինողները իր հետ պիտի կարգավորեն խնդիրը՝ կարող են լայնամասշտաբ եւ օրինական քարոզչություն անել ֆիմերի դիտումների դեմ, եթե համարում են, որ մարդ չպիտի նայի դրանք եւ վերջ՝ հասնել 0 դիտող արդյունքին (եթե այդ գաղափարը շատ է մերժելի):

Ես ինձ թույլ եմ տալիս համեմատություն անցկացնել այն ակցիաներից մեկի մասով, որ նախաձեռնել եւ իրականացրել եմ. Մինասի որմնանկարները տանելու դեմ օրինական բողոքի փոխարեն, պատկերացրեք, գնում՝ սկսում եմ իմ համախոհների կամ տաքարյուն ջահելության հետ Մշակույթի նախարարության ապակիները ջարդելու, ու քարով զարկում եմ նախարարության աշխատակիցներից մեկին, նորմա՞լ է, կամ՝ Բնապահպանական վեճերում որոշենք, որ պիտի գրոհենք համապատասխան նախարարության շենքը, էլի՞ է նորմալ:

Մեզ քննադատողներից, ովքեր հասկացել են ղալմաղալի չափազանցվածությունն ու դիտավորությունը (քաղաքակիրթ բողոքից բացի մնացած բաներն ի նկատի ունեմ) եւ ընդունել են մեկնաբանություններս, հասկացել են, թող որ չեն ընդունում կամ ընդունում են դրանք, իսկ, ովքեր հատուկ ցանկություն ունեն չհասկանալու, կամ որոշել են հանգրվանել վերջին հանգրվանում, նրանց ոչինչ չի օգնի, վախենամ այդ դեպքում մեզ էլ ոչինչ չօգնի.-երբ վերջին հանգրվանում հավաքվածների թիվը հասնում է այնպիսի կրիտիկական զանգվածի, որ գրասենյակներ են ջարդում, ուրեմն հայրենիքն իսկապես վտանգի մեջ է:

Լավ մնացեք, մի նայեք ադրբեջանական ֆիլմեր, եթե չեք ուզում, ՀՔԱՎ գրասենյակն ու Ասպարեզը այդ ֆիլմերը ցուցադրելու համար չեն ստեղծվել, գիտեցողը գիտե ...

Շատ հետաքրքրվածներին, քննադատողներին, գիշերները չքնողներին եւ կուսակցական քարոզիչներին առաջարկում եմ խնդրի մասին իմանալ ռազմական փորձագետների, ՀՀ իշխանությունների, կինոյի մասնագետների կարծիքները, համենայն դեպս, հարցրեք, վնաս չկա իմանալուց:

(Ինտերնետային կապս սահմանափակ է, հեռավոր օդանավակայաններից մեկից եմ գրում, ներող կլինեք, եթե չարձագանքեմ):