Ինչպե՞ս կազմակերպել հանգիստը, որպեսզի ավելանա արդյունավետությունը


04:10 , 1 մարտ, 2019

Հաճախ մեզ թվում է, որ որքան շատ ենք աշխատում, այդքան ավելի շատ բան ենք կարողանում անել։ Սակայն դա մոլորություն է։ Շատ աշխատելը վնասակար է առողջության և արդյունավետության համար։ Շատ աշխատել կարելի է ընդամենը մի քանի շաբաթ, սակայն հետագայում այս համակարգը սկսում է խնդիրներ ստեղծել։

Տեխնոլոգիաները նույնպես օգտակար չեն։ Նրանք մեզ ավելի արդյունավետ չեն դարձնում և չեն օգնում ավելի շատ ժամանակ գտնել ընտանիքի և ընկերների համար։ Նրանք ուղակի աշխատանքը բաժանում են ավելի փոքր մասերի։

Ինչպե՞ս դառնալ ավելի արդյունավետ։ Պատասխանը շատ պարզ է. ճիշտ հանգստանալ։

Ինչպե՞ս ճիշտ հանգստանալ

Հաճախ մենք հանգիստը հասկանում ենք որպես աշխատանքի բացակայություն, սակայն հանգստանալու ամենից լավ ձևը ակտիվ գործունեությունն է։ Սպորտով զբաղվելը, քայլելը կամ հոբբին ավելի օգտակար հանգստյան ձևեր են, քան բազմոցին նստելը և հեռուստացույց նայելը։

Հոբբի

Իրենց աշխատանքին սիրահարված մարդիկ հաճախ հոբբի են ունենում, որը շատ ժամանակ և ուժ է խլում։ Այսպիսի զբաղմունքները կարելի է անվանել հանգստի լուրջ ձևեր։ Նրանք ոչ միայն վերականգնում են ուժերը, այլ նաև հնարավորություն են տալիս մտածելու ստեղծագործական կյանքի մասին։ Սա արդյունավետության հիմնական գաղտնիքներից մեկն է։

Քուն

Ուղեղի ճիշտ աշխատանքի համար շատ կարևոր է քունը։ Քնի ժամանակ ուղեղն ազատվում է տոքսիններից, որոնք կուտակվում են օրվա ընթացքում։ Ավելին՝ անգամ քնած ժամանակ ուղեղը շարունակում է աշխատել այն առաջադրանքների լուծման ուղղությամբ, որոնց մասին մենք մտածում էինք։