«Երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր գնում են հագուստի պիտակը, ոչ թե հագուստը». Արևիկ Գևորգյանը՝ ոճի և նոր ֆոտոշարքի մասին


15:00 , 28 փետրվար, 2019

Դերասանուհի Արևիկ Գևորգյանը նոր, գեղեցիկ ֆոտոշարք ունի, որը տրամադրել է BlogNews.am-ին և պատասխանել նորաձևությանը, ոճին վերաբերող մի քանի հարցերի: «Նորաձևությունն, ըստ իս, արվեստ է և խաղ, միևնույն ժամանակ՝ ինքնաարտահայտման միջոց, բայց շատ ակտիվ հետևորդ չեմ: Եթե ամբողջ սեզոնս չի անցնում նկարահանման հրապարակում և թատրոնի կուլիսներում, փորձում եմ հետևել նորաձևության միտումներին»,- նշում է Արևիկը:

Հագուստն ընտրում է ըստ սեզոնի, իսկ եթե այն ներդաշնակ չէ իր հետ, կարող է հեշտությամբ հրաժարվել. «Ինչպես կյանքում գույները չեն բաժանվում սև ու սպիտակի, այնպես էլ չեմ փորձում հագուստս տեղավորել ինչ-որ հստակ ոճի մեջ: Պարտադիր է՝ կախված հազարավոր նմուշներից տեսնեմ հագուստի հայացքը, որն, այսպես ասած, ինձ է ուղղված: Երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր գնում են հագուստի պիտակը, ոչ թե հագուստը: Անգամ երկար տարիներ դարակում մնացած տատիկիս զգեստը կրելիս և ճիշտ համադրելիս կարող է թվալ, թե երեկ եմ գնել Փարիզի բուտիկից»:

Այն հարցին՝ եղե՞լ են դեպքեր, երբ ամբողջ աշխատավարձը վատնել է գնումների վրա, Արևիկը նշում է. «Այնքան, ինչքան կարող եմ ինձ թույլ տալ այդ պահին, բայց ես միայն մի մոլուցք ունեմ՝ թատրոնը»:

Արևիկը նշում է, որ այս պահին վերանայում է 60-ականների ամսագրերը: Սիրում է ոգեշնչվել և ուրախանում է, եթե կարողանում է ոգևորել ինչ-որ մեկին․ «Իմ զգեստապահարանում գույներն են բացակայում, վերջերս սկսել եմ հողեղեն գույներ սիրել»:

Իսկ բարձրակրունկ կոշիկների մասին հետաքրքիր է արտահայտվում. «Դիետայի պես մի բան է․ ամեն շաբաթ քեզ համոզում ես երկուշաբթի օրվանից կրել: Ինչ վերաբերում է հագուստի պատճառով անհարմար իրավիճակում հայտնվելուն, դա հաճախ է լինում, քանի որ թեթև եմ հագնվում և միշտ մրսում: Մաման ասում էր՝ տաք հագնվի»:

Չնայած Արևիկը հետաքրքիր ոճ ունի, բայց ասում է՝ երբեք շոփինգը չի փոխարինի շանը սիրելու հետ:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի