Հարավաֆրիկյան Հանրապետությունում սգո ծառայություններ մատուցող 3 բյուրո մտադիր է դատի տալ ինքնահռչակ «մարգարեին», որն ամբոխի աչքի առաջ «հանգուցյալին վերակենդանացրել» էր, իրենց հեղինակությանը մեծ վնաս հասցնելու համար, քանի որ հոգևոր հովիվն այդ շոուի համար օգտվել էր իրենց տրամադրած ծառայություններից:
Վերջերս համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում Հարավաֆրիկյան Հանրապետությունում գործող Alleluia Ministries International եկեղեցու հոգևոր հովիվ Ալֆ Լուկաուն, նայելով դագաղի մեջ, որում մարդ է պառկած, ամբոխի աչքի առաջ բացականչում է՝ ոտքի կանգնիր, և մահացածը հանկարծ վեր է կենում իր տեղից:
Այժմ սգո ծառայություններ մատուցող բյուրոները մտադիր են դատի տալ ինքնահռչակ «մարգարեին»՝ այդ ներկայացմամբ իրենց հեղինակությանը մեծ վնաս հասցնելու համար: Բյուրոներից հայտնել են, որ իրենց մոլորության մեջ են գցել, հակառակ դեպքում իրենք այդ արարողությանը չէին մասնակցի:
«Հարության» գործընթացը տեղի է ունեցել Յոհանեսբուրգից ոչ հեռու:
«Հրաշքներ չեն լինում»,- պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Մշակութային, կրոնական համայնքների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հանձնաժողովի ներկայացուցիչը՝ հավելելով, որ դրանք հորինվում են՝ վատ դրության մեջ հայտնված մարդկանցից գումար շորթելու նպատակով:
Լուկաուի Alleluia Ministries International եկեղեցին չի պատասխանել BBC-ի՝ դեպքը մեկնաբանելու վերաբերյալ հարցմանը:
Sowetan թերթը գրում է, որ եկեղեցին այժմ հերքում է, թե մարդը հարություն է առել, և վստահեցնում է, որ «հանգուցյալն արդեն ողջ էր», երբ բերվել է եկեղեցու մոտ: Եկեղեցին հայտարարել է, որ հոգևոր հովիվ Լուկաուն ընդամենն ավարտին է հասցրել Աստծո սկսած հրաշքը: