«Ձեր վերջը եկել է». Ստամբուլում հայկական եկեղեցու նկատմամբ վանդալիզմի ակտ է տեղի ունեցել


02:45 , 26 փետրվար, 2019

Operativ.am-ը գրում է․

Թուրքիայում անհայտ չարագործները վանդալիզմի ակտ են իրագործել Ստամբուլի Ֆաթիհ շրջանում գտնվող Բալաթ հրեական թաղամասի Սուրբ Հրեշտակապետ հայկական եկեղեցու նկատմամբ, գրում է bianet.org կայքը:

Եկեղեցու պատերին «ձեր վերջը եկել է» և այլ տեսակի գրառումներ են արվել:

Փորքամասնությունների կազմակերպության ներկայացուցիչ Մորիս Լևին դատապարտել է ատելության գործողությունը՝ հայտնելով, որ դրա առնչությամբ կազմակերպությունը բողոք է ներկայացրել Ստամբուլի անվտանգության վարչություն:

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը իր թվիթերյան էջում նույնպես դատապարտել է վանդալիզմի դրսևորումը:

«Ամեն տարի եկեղեցիների և սինագոգների նկատմամբ ատելության բազմաթիվ գործողություններ են իրականացվում… Պետք է ոչ միայն չարագործների առաջն առնել, այլև նրանց հետևում կանգնած մարդկանց, իսկ ամենակարևորը՝ պետք է վերանա ատելություն սերմանող քաղաքականությունը»,- ասված է պատգամավորի գրառման մեջ:

Սուրբ Հրեշտակապետ եկեղեցին կառուցվել է 1635թ.-ին: Այն բազմիցս հրդեհվել և վերակառուցվել է: