Ի՞նչ է կյանքի նպատակը և ինչի՞ համար է այն հարկավոր


05:10 , 26 փետրվար, 2019

Մինչև հիմա միանշանակ հայտնի չէ, թե ինչ է իրենից ներկայացնում կյանքի նպատակը, սակայն կարելի է գտնել այս բառակապակցության մոտավոր բացատրությունը։

Կյանքի նպատակն այդ պահի համար ամենակարևոր ձգտումն է, որը դրդում է ամենօրյա որոշակի քայլերի։ Ոչ բոլորն այն ունեն, և դա սովորական երևույթ է։ Այնուամենայնիվ, կյանքի նպատակի առկայությունն ուղղակիորեն ազդում է մեր աշխարհընկալման, աշխատունակության և ավելի փոքր մտահղացումների իրագործման վրա։

Կյանքի նպատակը բավականին լայն հասկացություն է, որն առնչվում է կյանքի մի շարք ոլորտների հետ։ Նրա առկայությունն օգնում է ավելի լավ հասկանալ և ձևավորել հետաքրքրությունները, արժեքները և ձգտումները։ Ավելին՝ նրա շնորհիվ պահպանվում է վարքի կայունությունը, անգամ եթե փոխվում է միջավայրը։ Մարդը, հասկանալով, թե ինչ է ցանկանում, անհաջողության դեպքում այլ ուղիներ կփնտրի իր վերջնական նպատակին հասնելու համար։

Կյանքի նպատակը թույլ է տալիս ավելի ճիշտ բաշխել ռեսուրսները և անգամ հրաժարվել ինչ-որ բանից առանց որևէ լուրջ էմոցիոնալ սթրեսի։

Միևնույն ժամանակ գլխավոր նպատակի առկայությունը ոչ միշտ է դրական պահեր պարգևում։ Երբեմն առաջ շարժվելու անկարողությունը մարդուն գցում է սթրեսի մեջ, առաջանում են հոգեբանական և ֆիզիկական լարվածություններ։

Ոչ բոլոր մարդիկ կարող են նպատակ դնել, դրա համար հարկավոր են որոշակի որակներ։ Օրինակ՝ ինքնավերլուծության հատկություն, պլանավորելու հատկություն և այլն։ Ավելին՝ երբեմն դա ընդհանրապես ձեռնտու չէ։ Իրական նպատակի առկայությունը և նրան հասնելու անկարողությունը հանգեցնում են լուրջ սթրեսի։

Հետաքրքիր է, որ դեռևս ոչ մի գիտություն չի կարողացել բացատրել, թե ուղեղում ինչպես է ձևավորվում կյանքի նպատակը, ինչ կոգնիտիվ ֆունկցիաների վրա է այն ազդում և ինչ օգուտ է այն տալիս, սակայն ակնհայտ է, որ հաճախ կյանքի նպատակի առկայությունն է առաջ շարժվելու ուժ տալիս։