Բանալի, որը «Տիտանիկը» կարող էր փրկել կործանումից


02:06 , 26 փետրվար, 2019

2007 թվականին՝ «Տիտանիկի» կործանումից 95 տարի անց, աճուրդներից մեկում վաճառքի է հանվել առաջին հայացքից սովորական թվացող բանալի։ Թվում է, որ ոչ մի տարօրինակ բան չկա, սակայն այդ բանալին, ամենայն հավանականությամբ, բացել է «Տիտանիկի» դիտակետում հեռադիտակի համար նախատեսված պահարանը։

Եթե այդ գիշեր անձնակազմի անդամներից մեկը ժամանակին նայեր հեռադիտակով, ապա կտեսներ սառցաբեկորը, և լեգենդար նավը կխուսափեր բախումից։ Այդ ժամանակ հեռադիտակները շատ կարևոր սարքեր էին համարվում, որոնց միջոցով ծովում հայտնաբերվում էին բոլոր հավանական վտանգները։

Բանալին պատկանել է կապիտանի երկրորդ օգնական Դևիդ Բլերին, ում նավարկության սկզբից հեռացրել էին նավի անձնակազմից։ Հնարավոր է, որ նա շտապելու պատճառով այդ բանալին չի հանձնել իրեն փոխարինողին՝ Չարլզ Լայտոլերին։

«Տիտանիկի» դիտակետն ապահովված չի եղել այլ օպտիկական սարքերով, այդ պատճառով անձնակազմի անդամներն անզեն աչքով էին իրականացրել իրենց դիտարկումները։

Հնարավոր է, որ սառցաբեկորն ավելի շուտ նկատեին, եթե անձնակազմի անդամներից մեկն օգտվեր հեռադիտակից։ Դժբախտաբար, չենք կարող իմանալ, թե ինչ կլիներ այդ պարագայում։