Մշակույթի նախարարությունն՝ ընդդեմ «Զվարթնոցի» հին մասնաշենքի


15:06 , 25 փետրվար, 2019

Մշակույթի նախարարությունը հերթական նախագծով է հանդես եկել։ Կառավարության e-draft.am կայքում հայտնվել է մի նախագիծ, որով նախատեսվում է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառել «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը։ Թվում է, թե շատ լավ, օգտակար, ազգանվեր նախագիծ ու նախաձեռնություն է։ Թվում է, թե մշակույթի նախարարությունն իրականում ցանկանում է գործ անել և հոգ տանել անշարժ հուշարձանների մասին, որոնք Հայաստանի տարածքում շուրջ քսան չորս հազարն են, Երևանում՝ երեք հազարը։ Բայց, որքան էլ պարադոքսալ հնչի, իր այս որոշման նածագծով նախարարությունը վերջնականապես կկործանի «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը։ Զարմանալի է, չէ՞, հնչում։

Իսկ հիմա, փորձեմ հիմնավորել, թե ինչ ի նկատի ունեմ։ Ակնհայտ է, չէ՞, եթե Զվարթնոցը մտնում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ, ուրեմն՝ չի կարող այլևս վերականգնվել, վերակառուցվել, վերանորոգվել, համապատասխանեցվել օդանավակայանների համար գործող միջազգային չափանիշներին և ծառայել որպես Երևանի օդանավակայանի երկրորդ տերմինալ, այսինքն՝ այս դեպքում «Զվարթնոցը» դատապարտվում է դանդաղ ինքնաոչնչացման հենց նախարարության ապաշնորհության հետևանքով։ Պետության սեփականություն հանդիսացող «Զվարթնոցի» հին մասնաշենքն արդեն իսկ սեյսմիկ առումով չափազանց վատ վիճակում է, փլուզման եզրին է գտնվում, իսկ պետությունը նույնիսկ չնչին գումար չի հատկացնում մասնաշենքի պահպանման ծախսերը հոգալու համար, փոխարենը շենքը ինքնաոչնչացման է տանում։ Ցանկանո՞ւմ եք պահել շենքը, ներդրումներ արե՛ք, պահպանե՛ք, պարոնայք մշակութասպաններ։ Ո՞վ է ձեռքդ բռնել, սիրելի մշակույթի նախարարություն։ Գույքը՝ ձերը, բյուջեն՝ ձերը։ Տարեկան շուրջ 100 մլն դրամ ներդրեք, պահպանեք։

Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ «Զվարթնոցի» հին մասնաշենքը հատուկ պահպանվող տարածք է, որտեղ մուտք գործելն արգելված է՝ պայմանավորված ավիացիոն անվտանգության կանոններով։ Անհասկանալի է, թե ինչպե՞ս պետք է քաղաքացիներն ու տուրիստներն այցելեն փակ տարածքում գտնվող մշակութային հուշարձան։ Ավելին՝ ցանկացած անշարժ հուշարձան ունի պահպանման իր գոտին՝ շառավիղը, որը նույնպես այդ հուշարձանի բաղադրիչն է և որևէ կերպով միջամտության ենթակա չէ։ Այս պարագայում ստացվում է, որ օդանավակայանի թռիչքուղին, կառամատույցը, կառամատույցի ծածկի վերանորոգման և ընդհանուր սպասարկման աշխատանքներ իրականանալ չեն կարող, քանի որ գտնվում են հենց այս գոտում, այսինքն՝ թռիչքուղին ու կառամատույցն այլևս երբեք չպետք է ասֆալտապատվեն առանց մշակույթի նախարարության հատուկ հանձնաժողովի եզրակացության, որը կարող է ամիսներ տևել և մերժվել։

Այսօր աշխարում չկա մշակութային հուշարձան-օդանավակայան։ Դա աբսուրդ է։ Օդանավակայաններն անընդհատ զարգացող, կատարելագործվող, նորագույն տեխնիկական հնարավորություններով և կոնստրուկցիաներով հագեցող տրանսպորտային հաբ է։ Ավելին՝ այդ տեխնիկական միջոցների ներդրումները պահանջում են միջազգային ստանդարտների կողմից, որոնք ներդրում է միջազգային կառույցը՝ ԻԿԱՕ-ն։

Վերոգրյալը հաշվի առնելով՝ պետք է հստակ ֆիքսել, որ մշակույթի նախարարությունն անհեռատես, տհաս որոշում է կայացնում։ Անհասկանալի է նաև, թե ումի՞ց է մշակույթի նախարարությունը պաշտպանում «Զվարթնոցի» հին մասնաշենքը։ Ինքն իրենի՞ց։ Նորից կկրկնեմ․ ներդրում արեք և պահպանեք մեր հուշարձանները, ոչ թե ինքնաոչնչացման տարեք ձեր ապաշնորհությունը քողարկելու նպատակով։

ՀԳ․ Տենց էլ չհասկացանք՝ քաղաքացիական ավիացիայի վարչությունը, տրանսպորտի նախարարությունն ու «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այս հարցի վերաբերյալ ասելիք չունե՞ն, թե՞ տեղյակ չեն այս աբսուրդից։