Արմենիան Կոլումբիայի ամենահայտնի զբոսաշրջային քաղաքներից մեկն է: Քաղաքն այդպես է կոչվել հայերի պատվին, որոնք սկիզբ են դրել այս երկրում սուրճի աճեցմանն ու արտադրմանը:
Կոլումբական սուրճը հայտնի է ողջ աշխարհում, իսկ Կոլումբիան արաբիկայի խոշորագույն արտադրողներից մեկն է: Կոլումբացիները մշակում ու տարբեր երկրներ են արտահանում արաբիկայի մի քանի տեսակներ: Այս երկրում աճեցված սուրճը հայտնի է իր բարձր որակով և ապահովում է երկրի տնտեսության զգալի մասը: Սուրճի արտադրությունը կոլումբական տնտեսության առաջատար ճյուղն է, սակայն քչերն են տեղյակ, որ սուրճի արտադրությունն այստեղ սկսել են հայերը, որոնք Կոլումբիա են հասել Անտիոքից:
«Սուրճը Կոլումբիա են բերել հայերը. դա հանրահայտ փաստ է: Սուրճի արտադրության հիմքը դրած ու սուրճի առաջին պլանտացիան հիմնած ընտանիքն այստեղ է եկել Անտիոքից»,- նշել է Երևանի HALDI.CO ընկերության ներկայացուցիչ Տիգրան Հակոբյանը:
Քաղաքը, որը հիմնադրվել է դեռ XIX դարի վերջում, Արմենիա է կոչվել՝ որպես շնորհակալության և Եղեռնի զոհերի հիշատակի խորհրդանիշ:
«Ցավոք, այսօր Կոլումբիայում չկա հայկական համայնք: Իսկ քիչ թվաքանակ կազմող հայերը, որոնք ապրում են այնտեղ, ամբողջապես ձուլվել են և ոչինչ չգիտեն իրենց արմատների մասին»,- ասում է Հակոբյանը:
Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելուց հետո կոլումբացիները սկսել են հետաքրքրություն ցուցաբերել հայկական շուկայի նկատմամբ: Կոլումբական խոշորագույն սրճային ընկերությունը՝ HALDI.CO-ն, որը համարվում է նաև գիտահետազոտական ինստիտուտ, իր ներկայացուցչությունն ունի Հայաստանում: Նախագծի մտահղացումը պատկանում է Տիգրան Հակոբյանին:
1977-ից ի վեր ընկերությունը զբաղվում է սուրճի աճեցման ու մշակման գործով: Ընկերության տեխնոլոգիաները թույլ են տալիս տարատեսակ համեր ու բույրեր ստանալ առանց քիմիական միջամտության:
«Կոլումբացիները սուրճը խաչասերում են տարբեր պտուղների հետ: Այդ եղանակով նրանք հասնում են համային և հոտային նոր առանձնահատկությունների: Այսօր այնտեղ 30 անուն սուրճ է արտադրվում»,- ասում է Հակոբյանը:
Հայաստանում կոլումբական 18 անուն սուրճ կա, իսկ մոտակա ժամանակներում մենք հնարավորություն կունենանք նաև փորձելու կոլումբական նոու-հաուներից մեկը՝ այն սուրճի ծառի պտուղները, որոնք աճում են մրջյունների օգնությամբ:
Կոլումբիայում «Արմենիա» սուրճի տեսակը յուրահատուկ է համարվում: Այն արտադրում են սահմանափակ քանակությամբ՝ միայն մարդկանց նեղ շրջանակի համար: 2012 թ. Կոլումբիայի նախագահ Հուանա Մանուել Սանտոսի աշխատակազմի արարողակարգի ծառայությունը սուրճի այս տեսակը պաշտոնական հանդիպումների մենյուում ընդգրկեց: