Բլոգերը փորձել է կատարել իր բաժանորդների բոլոր ցանկությունները, ինչի հետևանքով մահացել է


22:00 , 22 փետրվար, 2019

Չինացի Չու անունով ստրիմերը խմել է այն ամենը, ինչ նրան առաջարկել են բաժանորդները և մահացել, գրում է South China Morning Post-ը:

29-ամյա Չուն վաստակել է Liaoliao.com կայքի միջոցով: Նրան նվիրատվություններ են ուղարկել այն բանի համար, որ նա խմել է այն ամենը, ինչ պահանջել են բաժանորդները: Դրանք հիմնականում ալկոհոլային խմիչքներ են եղել, ինչպես նաև բուսայուղ: Այդ զբաղմունքից նա օրական կարողացել է մոտ 70 դոլար վաստակել:

Երեք ամիս հետո չինացին ուղիղ եթերում բաժանորդներին խնդրել է, որ իրեն այլևս չստիպեն ինչ-որ բան խմել՝ առաջացած առողջական խնդիրների պատճառով: Նրա ընկերոջ խոսքերով՝ չնայած Չուի վատ ինքնազգացողությանը՝ բաժանորդները շարունակել են պահանջել, որ նա խմի իրենց պահանջած ըմպելիքները:

Վերջին անգամ չինացին ուղիղ եթերում հայտնվել է Ամանորի նախաշեմին: Նա հաղորդումը վարել է սուպերմարկետից, որտեղ ինչ-որ հեղուկ է խմել: Երիտասարդի ինքնազգացողությունը վատացել է տաքսու մեջ: Անհանգստացած վարորդը ոստիկանություն է կանչել, և նրան տեղափոխել են հիվանդանոց: Ճանապարհին նա մահացել է:

Բլոգերի ընկերներից մեկը կարծում է, որ Liaoliao հավելվածի սեփականատերերն իրենց մեղքի բաժինն ունեն Չուի մահվան գործում: