«Ռազմարդյունաբերություն» բառը հանվել է նախարարության անվանումից


13:20 , 22 փետրվար, 2019

Aravot.am-ը գրում է.

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ այսօր քննարկել է իրենց աշխատանքի տեսլականները, հետագա անելիքները:

«Մտահոգիչ ոչ մի հարց չկար, աշխատանքային քննարկում ունեցանք, ներկայացրեցի առաջնահերթությունները, թե ինչո՞վ պետք է զբաղվի նախարարությունը»,- հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբ Արշակյանը`պատասխանելով հարցին`ի՞նչն էր իրեն մտահոգել, որ նախաձեռնել էր այս հանդիպումը: Պատգամավորների հետ հանդիպել-քննարկելու նախաձեռնությունը նախարարից է եկել:

Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ վերակազմավորվող նախարարության անվան մեջ «ռազմարդյունաբերություն» բառը չի մնացել: Արդյոք որոշումը քաղաքակա՞ն է հարցին, նա պատասխանեց. «Քաղաքական որոշումը ֆունկցիոնալ առումով այդ գերատեսչության ստեղծումն է, որն իրականացվում է:

Ինչ վերաբերում է անվանը, դա ուղղակի աշխատանքային բնույթ է կրում եւ անվանման կրճատումը ֆունկցիոնալ առումով չի ազդում նախարարության աշխատանքի վրա»: Օրեր առաջ նախարարությունում աշխատանքի մասին հայտարարություն էին տվել: Լրագրողները հետաքրքրվեցին` դիմողներ եղե՞լ են, ի՞նչ աշխատավարձ է առաջարկվում: «Աշխատավարձը պետք է գերխնդիր չլինի:

Իհարկե, պետք է ապահովենք նորմալ աշխատավարձ, բայց գերխնդիրը այս պահին միսիոներական լուրջ աշխատանք տանելն է»,- ասաց նա` հավելելով, որ 1600-ից ավելի դիմումներ են ստացել, առաջիկայում կսկսեն հարցազրույցների շարքը: Այլ մանրամասները`տեսանյութում