«Ադրբեջանը հայկական անօդաչու չի խոցել». ՊԲ հայտարարությունը


11:09 , 22 փետրվար, 2019

Ս.թ. փետրվարի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր Աղդամի հատվածում խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: 

«Պաշտպանության բանակը որևէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել: Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներին, ապա դրանք ակնհայտ հին կադրեր են:

Հատկանշական է նաև, որ Բաքվի տարածած ապատեղեկատվությունը, չգիտես ինչու, «պատահականորեն» համընկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածաշրջան կատարած այցի հետ:

Եվ վերջում՝ մի հիշեցում. Արցախի զինված ուժերն, ինչպես միշտ, ունի բոլոր հնարավորություններն անվտանգ և արդյունավետ կիրառելու իր տրամադրության տակ եղած անօդաչու թռչող սարքերի յուրաքանչյուր տեսակ: Հավաստիացնում ենք, որ ինչպես առ այսօր ենք դրանք օգտագործել, այնպես էլ հարկ եղած դեպքում բավականին նպատակասլաց կերպով կիրառելու ենք նաև այսուհետ»,- ասված է ՊԲ տարածած մամուլի հաղորդագրությունում: