Brexit-ի վերաբերյալ նոր քաղաքական հռչակագիրը կընդունվի ԵՄ-ի մարտի 21-22-ի գագաթնաժողովում. Reuters


21:40 , 21 փետրվար, 2019

168.am-ը գրում է.

Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի ապագա հարաբերությունների վերաբերյալ համատեղ քաղաքական հռչակագրի տեքստը, որը թույլ կտա Իռլանդիայի հետ Միացյալ Թագավորության սահմանի վիճելի հարցի լուծում գտնել, պաշտոնապես հավանության կարժանանա ԵՄ-ի գագաթնաժողովում, որը տեղի կունենա մարտի 21-22-ին: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ-ի դիվանագետների:

Գործակալության տեղեկությունների համաձայն, Եվրամիությունը մինչեւ փետրվարի 28-ը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին կներկայացնի նոր փաստաթղթի ընդհանուր դրույթները, որն անվանում են «զուգահեռ հռչակագիր» կամ «մեկնաբանությունների գործիք» «բեքստոպի»՝ պաշտպանական մեխանիզմի վերաբերյալ, որը կոչված է թույլ չտալ սահմանի հայտնվելը Իռլանդիա կղզում:

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Ժոզեպ Բորելը փետրվարի 20-ին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Մեծ Բրիտանիայի ապագա հարաբերությունների վերաբերյալ նոր համատեղ քաղաքական հռչակագիրը մշակման գործընթացում է: Նա ընդգծել է, որ Brexit-ի մասին պայմանագիրը վերանայման ենթակա չէ, սակայն այն կարելի է մեկնաբանել կամ լրացնել այնպիսի ձեւակերպումներով, որոնք կարող են բավարարել Եվրամիությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: