Samsung-ի նորույթները․ ճկվող հեռախոս և Galaxy S10 ֆլագման


19:15 , 21 փետրվար, 2019

Հարավային Կորեայում գտնվող Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy սմարթֆոնների շարքի նոր մոդելները: Առաջատար մոդելի հետ մեկտեղ ներկայացրել են եւս չորսը, որոնցից մեկը ծալվում է երկու հավասար մասի՝ ինչպես թղթի թերթը: Galaxy Fold-ը կսկսեն վաճառել ապրիլի 26-ին, այն հնարավոր է դառնա զանգվածային արտադրության ամենաթանկ հեռախոսը. մեկնարկային գինը 1980 դոլար է, փոխանցում է BBC-ն: Այս անգամ սմարթֆոնները ներկայացվել են երկու շնորհանդեսում, որոնք տեղի են ունեցել Լոնդոնում եւ Սան Ֆրանցիսկոյում:

Ծրագրի գլխավոր կետը Samsung Galaxy S10-ն է: Դա Samsung-ի նոր առաջատար մոդելն է եւ ընկերության հեռախոսների տասներորդ սերնդի ներկայացուցիչը: Դրա էկրանի անկյունագծի չափը 6,1 դյույմ է, ինչպես iPhone XR-ինը: Հեռախոսը լիցքավորվում է USB Type C փորտի կամ անհաղորդալար լիցքավորման միջոցով: Galaxy S10-ը երեք խցիկ ունի դարձերեսին եւ մեկը՝ դիմերեսին: Մարտկոցի ունակությունը 3500 միլիամպեր/ժամ է: Ֆայլեր պահելու համար տեղերի քանակը կարող է հասնել մեկ տերաբայթի (1024 գիգաբայթի): Բացի առաջատար S10-ից, ընկերությունը ներկայացրել է վերափոխված մոդելներ: Հանրությանն ամենից շատ հետաքրքրել է Galaxy-ի՝ գրքի նման ծալվող հեռախոսը: «Գիրքը» կարելի է կարդալ ինչպես դրսից, այնպես էլ բացելով: էկրանի լուծաչափը 1536 x 2152 պիքսել է, կողմերի հարաբերակցությունը՝ 16:10: Հեռախոսի մանրածախ գինն, ինչպես ավելի վաղ հաղորդվել է, կկազմի 1600-ից մինչեւ 2000 դոլար՝ կախված դասակարգումներից: Galaxy S10 Plus մեծ էկրանով մոդելն ակնհայտորեն կհավակնի շուկայի նույն սեգմենտին, ինչ որ անցյալ տարի թողարկված մեծ էկրանով iPhone XS-ը: Galaxy S10е-ն կլինի առաջատար հեռախոսի բյուջետային մոդելը: