NYT-ը պատմել է «եվրոպական բանակի» նախատիպի՝ Եվրոպայում առաջին երկակի գումարտակի մասին


05:30 , 21 փետրվար, 2019

Եվրոպական առաջին տանկային գումարտակը, որը բաղկացած է երկու երկրների՝ Գերմանիայի և Նիդեռլանդների զինվորներից, կարևոր քայլ է եվրոպական ռազմական համագործակցության ընդլայնման ճանապարհին, գրում է The New York Times-ը:

Խոսքը 414 «երկակի գումարտակի» մասին է, որը միավորել է գերմանացի և հոլանդացի զինվորներին: Գումարտակի հաջողության պատճառներից մեկն այն է, որ հյուսիսային գերմանացիներն ու հոլանդացիները շատ մոտ են մշակութային առումով, պարզաբանում է NYT-ը:

Պարբերականը նշում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ի հայտ եկած եվրոպական բանակ ստեղծելու գաղափարը նույնքան հին է, որքան Եվրամիությունն ինքը, սակայն այն դեռևս իրականություն չի դարձել: Փոխգնդապետ Մարկո Նիմեյերն ասել է, որ իրենց գումարտակը դարձել է «պիոներ» եվրոպական բանակի ստեղծման ճանապարհին, որի մասին «բոլորը խոսում են»:

Նշվում է, որ 414 գումարտակը տեղակայված է գերմանական Լոհայդում գտնվող ռազմական բազայում: Գերմանական գումարտակում յուրաքանչյուր չորրորդ զինվորը հոլանդացի է, գրում է NYT- ը: Տանկերը գերմանական են, ռադիոկապի համակարգը հոլանդական է, իսկ հաղորդակցման լեզուն հաճախ անգլերենը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է եվրոպական բանակի ստեղծման գաղափարը: