Սկանդալ վրացական գազի շուկայում. Սաակաշվիլին պաշտպանում է Բաքվին


13:32 , 20 փետրվար, 2019

Վրաստանի Էկոնոմիկայի նախախար Գեորգի Կոբուլիայի հայտարարությունը, որ Թբիլիսին պետք է դիվերսիֆիկացնի հանրապետության գազի մատակարարումը, մեծ դժգոհություն է առաջացրել և՛ Վրաստանում, և՛ ապշերոնյան հանրապետությունում։ «Անընդունելի է մենաշնորհը, որ Ադրբեջանը Վրաստանի՝ գազի միակ մատակարարն է,- հայտարարել է Կոբուլիան։

Հիշեցնեմ, որ ադրբեջանական SOCAR Georgia Gas ընկերությունն ապահովում է Վրաստանի գազի պահանջարկի 90 տոկոսսը, և Բաքվում է որոշվում Վրաստան մատակարարվող գազի գինը։ Օգտվելով այդ հանգամանքից էլ՝ ադրբեջանցիները միանձնյա որոշում են ընդունել 2019 թ․-ի մարտի 1-ից 10,5 տոկոսով բարձրացնել գազի գինը վրացի կոմերցիոն սպառողների համար, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել Թբիլիսիում։ SOCAR Georgia Gas-ի կողմից գազի գնի բարձրացման պատճառների վերաբերյալ բացատրությունները չեն ընդունվել վրացական իշխանությունների կողմից։ Վրաստանի էներգոօմբուդսմեն Սալոմե Վարդիաշվիլին հայտարարել է, որ SOCAR Georgia Gas-ի գազի գնի բարձրացման պատճառաբանությունները բավական թույլ հիմքեր ունեն, և գազի գնի բարձրացումը հիմնականում հարվածելու է միջին և մանր արտադրողներին։

SOCAR Georgia Gas-ի կողմից գազի գնի բարձրացման մասին հայտարարությունից հետո պաշտոնական Թբիլիսին սկսեց ակտիվ բանակցությունները ռուսական «Գազպրոմի» հետ, ինչը մեծ դժգոհություն առաջացրեց ոչ միայն վրացի ընդդիմադիրների մոտ, ովքեր վրացական իշխանություններին սկսեցին մեղադրել դավաճանության և ռուս օկուպանտների հետ համագործակցելու մեջ, այլև Բաքվում, որը 2008 թ․-ի օգոստոսից հետո, օգտագործելով Վրաստանում առկա հակառուսական տրամադրությունները և համագործակցելով որոշ քաղաքական ուժերի հետ կիրառելով նավթախավիարային դիվանագիտությունը, բավական հմտորեն կարողանում է սրել իրավիճակը հարևան երկրում, երբ խոսքը վերաբերում է Վրաստանում ադրբեջանական շահերին և մենաշնորհների պահպանմանը։ Բացի Վրաստանի օրենսդիր մարմնում «Եվրոպական Վրաստանի» խմբակցությունից, որը գործող իշխանություններին մեղադրում է ազգային շահերի դավաճանության մեջ, որը չի տարբերում՝ ով է թշնամին, ով է ընկերը, գործի են անցել նաև Վրաստանում ադրբեջանցիների գլխավոր լոբբիստ, 99 տոկոսանոց վրացի Միխեիլ Սաակաշվիլին և նրա ղեկավարած «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը։ Հիշեցնեմ, որ հենց Սաակաշվիլու կառավարման տարիներին էր, որ Վրաստանը հայտնվեց թուրք-ադրբեջանական տանդեմի վերահսկողության տակ։ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում խիստ քննադատության է ենթարկել վրացական իշխանություններին և հիշեցրել վերջիններիս, որ ադրբեջանական գազը 20 տոկոսով էժան է ռուսականից։

Պաշտոնական Բաքուն Թբիլիսիի հետ հարցեր պարզելիս օգտվում է իր իսկ կողմից հովանավորվող քաղաքական գործիչներից և ուժերից և փորձում է այդպիսով ճնշում գործադրել Վրաստանի իշխանությունների վրա, սակայն վրացական իշխանություններն էլ միամիտը չեն։ Չի բացառվում, որ գազի գնի շուրջ բարձրացման առումով վրացական իշխանությունների ռուսամետ ռևերանսներն ընդամենը բլեֆ են։ «Գազպրոմի» հետ բանակցությունների իմիտացիայի միջոցով վրացական իշխանությունները կհասնեն նրան, որ Բաքուն չի բարձրացնի գազի գինը վրացի կոմերցիոն սպառողների համար, և ամեն ինչ կմնա նույնը, կամ էլ, վատագույն դեպքում, գազի գինն աննշան կբարձրանա։

Ինչպես ասում են․ «Ե՛վ ոչխարները ողջ կմնան, և՛ գայլերը՝ կուշտ»։