Դիանա Աբգարը՝ աշխարհում առաջին կին հյուպատոսը


00:47 , 19 փետրվար, 2019
Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, ազգությամբ հայ Դիանա Աբգարը, որի նախնիները եղել են Նոր Ջուղայից, ծնվել է Արևելյան Հնդկաստանի բրիտանական գաղութ Բիրմայի մայրաքաղաք Ռանգունում (այժմ` Յանգոն): Նա համաշխարհային պատմության մեջ իր տեղը գտավ՝ լինելով աշխարհում առաջին կին հյուպատոսը: Դ. Աբգարը Հայաստանի առաջին հանրապետության դեսպան է նշանակվել Ճապոնիայում և Հեռավոր Արևելքում 1919-1920 թթ.-ին: Տիկին դեսպանի ժամանակակիցները պնդում են, որ նա այնքան տպավորիչ արտաքին ու հմայք է ունեցել, որ երբ մտել է պաշտոնական վայրեր և դահլիճներ, բոլորը միանգամից ոտքի են կանգնել: Դիանա Աբգարի օրիորդական անուն-ազգանունը Անահիտ Աղաբեկյան է եղել, սակայն, 1890-ին Հոնկոնգում ամուսնանալով ծնունդով նորջուղայեցի Միքայել Աբգարյանի (Մայքլ Աբգար) հետ, նա արդեն ներկայացել է որպես Դիանա Աբգար: Դ. Աբգարը թողել է գրական մեծ ժառանգություն, այդ թվում՝ գրքեր, պոեմներ և նամակներ։ Նա իր գրիչը ծառայեցրել է իր ազգակիցներին բաժին ընկած անարդարությունն ու դժբախտությունը ներկայացնելուն: Ուշագրավ է այն, որ Դիանա Աբգարն իր ստեղծագործություններում խոսել է մարդու իրավունքների մասին և պետական պաշտոն զբաղեցրել մի շրջանում, երբ անգամ ավելի զարգացած երկրների մեծ մասում կանայք նույնիսկ քվեարկելու իրավունք դեռևս չունեին։