Ինչպես է իր ծննդյան օրը նշել «Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը


18:00 , 16 փետրվար, 2019

«Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը երեկ նշել է իր ծննդյան օրը, իսկ մանրամասները պատմել BlogNews.am-ին: «Մեզ մոտ ավանդույթ է՝ մեր ընտանիքի բոլոր անդամների ծննդյան օրը շնորհավորել կեսգիշերին: Ես ու տղաս էինք տանը, երբ ընտանիքի անդամները տորթով և փուչիկներով շնորհավորեցին ինձ: Արդեն չորս տարուց ավել է՝ ես ծնունդս նշում եմ նաև աշխատավայրում»:

Վիկան նշում է, որ այն մարդկանցից չէ, ով վախենում է մեկ տարով էլ մեծանալուց, իսկ ծննդյան օրն իր համար իսկապես տոն է. «Ես ունեմ շատ լեցուն կյանք, ինքս էլ շատ կենսուրախ մարդ եմ և բնավ էլ չեմ զգում, որ երեսունի շարքում եմ: Ավելին՝ ինձ մինչև հիմա քսան տարեկան եմ զգում: Իմ աշխատանքն էլ այնպիսին է, որ, ուզես-չուզես, միշտ շարժման մեջ ես: Չեմ սիրում հայկական այն մտածելակերպը, որ դեռևս երեսունը չլրացած մարդիկ մտածում են, որ արդեն մեծ են: Ես կարծում եմ՝ երեսունում նոր ավելի հետաքրքիր կյանք է սկսվում, մանավանդ երբ ունենում ես հիանալի ընտանիք և զգում ես, թե որքան սիրված ես շրջապատի կողմից»:  

Պարուհին նշում է, որ ընկերները լավ գիտեն իր նախասիրությունների և ճաշակի մասին, այնպես որ, միշտ այնպիսի նվերներ է ստանում, որոնք կցանկանար ունենալ: Իսկ այն հարցին՝ կանխատեսելի՞ են լինում արդյոք ամուսնու նվերները, թե՞ յուրաքանյուր անգամ զարմացնում է անակնկալներով, Վիկան պատասխանում է. «Մի փոքր անկանխատեսելի են, նա սիրում է անակնկալներ անել, բայց միշտ չի դիմանում և ծնունդիցս մի քանի օր շուտ է նվիրում: Այս անգամ էլ, իհարկե, այդպես արեց, իսկ թե ինչ նվեր եմ ստացել, չեմ կարող ասել, բայց ուրախ եմ, որ նա ֆիքսել էր, թե ինչ էի հավանել: Օրինակ՝ ես չեմ սիրում անակնկալը շուտ ցույց տալ, բայց երբեմն ես էլ չեմ դիմանում և ժամանակից շուտ եմ նվիրում նրան: Ի վերջո, արդեն տասը տարվա ամուսիններ ենք և կամաց-կամաց նմանվում ենք իրար»:

Վիկան առանձնացրեց նաև դստեր՝ Նանուլի նվերը, ով գեղեցիկ բացիկ էր պատրաստել՝ վրան գրելով, թե ինչքան է սիրում իրեն:

Հարցին՝ արդյոք տարիների ընթացքում մաղվել կամ ավելացե՞լ են Վիկայի կողքի մարդիկ, պարուհին նշում է. «Ինձ մոտ արդեն վաղուց չեն մաղվում, հակառակը՝ ավելանում են: Ես շատ ընկերասեր եմ և նվիրված բոլորին ու բոլորն ուզում են ինձ հետ ընկերանալ, երկարատև ընկերություն անել ինձ հետ: Ես այնքան անկեղծ մարդ եմ, որ իմ շրջապատում չկան կեղծավոր մարդիկ»:  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի