Ինչպե՞ս են կանոնավոր մարզումներն ազդում սիրտ-անոթային համակարգի առողջության վրա


06:10 , 16 փետրվար, 2019

Կանոնավոր մարզումների օգտակարության մասին խոսելն անիմաստ է, քանի որ այն ակնհայտ երևում է։ Այն մեզ ավելի առույգ է դարձնում, մեծացնում է կալորիայի ծախսը և կարգավորում է կոգնիտիվ ֆունկցիաները։ Սակայն պարզվում է, որ սրանք մարզումների դրական ազդեցության ոչ բոլոր դրսևորումներն են։

Կանոնավոր մարզումները երիտասարդացնող հատկություն ունեն։ Համեմատաբար վերջերս գիտնականները մի հետաքրքիր փորձ են կատարել։ Նրանք վերցրել են 75-ամյա մարդկանց մի խումբ։ Նրանց մի մասը երկար տարիներ զբաղվել է սպորտով։ Միջինում նրանց ակտիվությունը եղել է շաբաթական 7 ժամ։ Երկրորդ խումբն ավելի քիչ ակտիվություն է ունեցել։ Ժամանակ առ ժամանակ նրանք ոտքով քայլել են կամ գոլֆ խաղացել։ Բացի այդ՝ փորձին մասնակցել է նաև 25 տարեկաններից կազմված մի խումբ, որը նույնպես շաբաթական 7 ժամ մարզումներ է ունեցել։

Գիտնականներին հետաքրքրում էր նրանց սիրտ-անոթային համակարգի և մկանների վիճակը։ Նրանք հետազոտության համար մկաններից նմուշներ են վերցնել։ Բացի այդ՝ մասնակիցների մոտ գնահատվել է նաև ծանրաբեռնվածության առաջին րոպեներին թթվածնի օգտագործումը և նրանց դիմացկունությունը։

Այս ամենից հետո գիտնականները եկել են եզրակացության, որ 75-ամյա մարզվողների մոտ սիրտ-անոթային համակարգը նույնն է, ինչ 45-ամյաների մոտ։ Ինչ վերաբերում է մկաններին, ապա նրանք գրեթե հավասար էին 25-ամյաների մկաններին։

Տարիքի հետ միաժամանակ մարդու մոտ նվազում է թթվածնի օգտագործման կարողությունը։ Գործընթացը սկսվում է 30 տարեկանից հետո։ Յուրաքանչյուր 10 տարի հետո թթվածնի օգտագործման մակարդակը նվազում է 10%-ով։ Այդ պատճառով էլ ֆիզիկական ակտիվության ժամանակ մեծահասակների մոտ միշտ շնչառական խնդիրներ են առաջանում։

Գիտնականների կարծիքով՝ մեծ տարիքում առողջ լինելու համար բավական է օրական 40 րոպե քայլելը։ Հիանալի կլինի, եթե քայլելու հետ միաժամանակ այցելեք նաև լողավազան կամ մարզասրահ։ Այս ամենն ավելի լավ է երիտասարդ հասակից սկսել։ Այս պարագայում դուք հնարավորություն եք ստանում առողջ պահել մկանները և սիրտ-անոթային համակարգը։