Հնդկաստանը որոշել է ամբողջությամբ մեկուսացնել Պակիստանը՝ Ջամու և Քաշմիր նահանգի պայթյունից հետո, որի արդյունքում 44 զինծառայող է զոհվել։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ֆինանսների նախարար Արուն Ջեթլին, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ Նյու Դելիում նախևառաջ մտադիր են չեղարկել Իսլամաբադի հետ առևտրի բարենպաստ ռեժիմը։ «Արտաքին գործերի նախարարությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը։ Ես նկատի ունեմ բոլոր հնարավոր դիվանագիտական քայլերը՝ միջազգային հանրակցությունից Պակիստանին ամբողջությամբ մեկուսացնելու համար»,-հավելել է Ջեթլին։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մինչ այդ խոստացել է վճռական պատասխանել Պակիստանին, որին ահաբեկչության հետ են կապում։ Նա նշել է, որ հարևան երկրին թույլ չի տա ապակայունացնել իրավիճակը երկրում։