«Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ կուլիսային պայմանավորվածություն կա ներկա իշխանությունների և որոշ օլիգարխների միջև». Գևորգ Աճեմյան


12:40 , 15 փետրվար, 2019
Ամեն բան ընթանում է ծրագրված և նույն գեղական սցենարով։ Ընտրություններից առաջ բանանն էժանացավ (իսկ թե ինչու հենց այս ապրանքատեսակը, քանի որ հանրության շրջանում ամենաշատը սա էր փիառված որպես մոնոպոլիզացված, և հետո՝ երբեմնի ընդդիմադիրն ամենաշատը բանանից էր խոսում), մի քիչ ուրախացրեց էյֆորիայի մեջ ակամայից հայտնված մեր հայրենակիցներին, ապա ընտրություններից կարճ ժամանակ անց թանկացավ, սակայն եթե ՀՀԿ-ի ժամանակ 10-20% էր, ՔՊ-ի դեպքում թվերն ավելի առատաձեռն գտնվեցին Հայաստանի քաղաքացիների համար․ թանկացումը կոնկրետ բանանի մասով գրեթե կրկնակի է։ Հիմա հարց է առաջանում` բանանը թարս բուսնե՞ց, թե՞ էյֆորիկ ամենաթողությունից մի քիչ էլ ցանկանում են օլիգարխները, թե՞ բանանի Միհրանն էլ օլիգարխից վերածվեց բիզնեսմենի։

ՀԳ. Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ կուլիսային պայմանավորվածություն կա ներկա իշխանությունների և որոշ օլիգարխների միջև, ըստ որի՝ կենսական նշանակության ապրանքների թանկացումներն ակնառու չեն լինի (3-7%), որ սոցիալական բունտ չլինի, բայց այ «էկզոտիկ» հաճույքների համար քաղաքացիները ստիպված կլինեն վճարել․ հա՛մ բյուջեն կլցվի, համ էլ մեծ ձկները սոված չեն մնա։