Փենսը կոչ է արել ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցներին դուրս գալ 2015-ի միջուկային համաձայնագրից


23:00 , 14 փետրվար, 2019

Azatutyun.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը կոչ է արել Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցներին դուրս գալ 2015-ին կնքված միջուկային համաձայնագրից՝ պնդելով, թե Իրանը «ամենամեծ սպառնալիքն է Մերձավոր Արևելքի խաղաղությանն ու անվտանգությանը»:

Ելույթ ունենալով Վարշավայում՝ միջազգային համաժողովում, Փենսը պնդել է, թե որոշ դաշնակիցներ չեն համագործակցում Վաշինգտոնի հետ Իրանին դիմակայելու հարցում:

Վաշինգտոնի և ԵՄ հարաբերությունները սրվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015 թվականին ստորագրված համաձայնագրից միանձնյա դուրս գալու՝ ԱՄՆ նախագահի որոշումից հետո:

Այժմ Սպիտակ տունը վերականգնում է պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ, մինչդեռ եվրոպական երկրները նոր առևտրային մեխանիզմներ են ստեղծում Իրանի հետ համագործակցությունը շարունակելու համար:

Այսօր Եվրամիության արտգործնախարարը, Ռուսաստանն ու Չինաստանը Վաշինգտոնի հրավիրած խորհրդաժողովին ներկա չեն: