Արցախյան հակամարտությունը խճճվում է. Արցախի ԱԺ փոխնախագահ


22:00 , 14 փետրվար, 2019

Tert.am-ը գրում է.

Չեմ կարծում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողքից նայողի դերակատարություն կունենան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը: Ըստ նրա՝ ամեն երկիր ունի իր շահը: Բալայանն ասաց, որ մոտ ժամանակներս Մնացականյան-Մամեդյարով հանդիպում կլինի, կքննարկվի Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու հարցը:

- Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գաղտնի, ստվերային գործընթաց է ընթանում: Կա՞ մտահոգվելու առիթ:

- Մտահոգություններ կան Ադրբեջանի խորհրդավոր լռության հետ կապված: Այդ ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանը համաձայնեց չկրակել ղարաբաղաադրբեջանական շփման գոտում: Սրանք հարցեր էինք, որոնց շուրջ տարիներ շարունակ փորձ էր արվում լուծումներ գտնել, բայց չէր հաջողվում: Մյուս կողմից, հավատում եմ վարչապետ Փաշինյանի այն խոսքին, որ բանակցային գործընթաց չկա, գաղտնի փաստաթղթեր չկան, որոնց շուրջ բանակցություններ ընթանան: Իշխանությունները հայտարարում են, որ չկա նաև «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը, և ժողովրդի հաղթանակը չի անտեսվի: Սրանք փարատում են մտահոգությունները: Չեմ կարծում, որ ՀՀ-ում կլինեն այնպիսի իշխանություններ, որոնք կմոռանան, որ մենք հաղթել ենք պատերազմը:  

- Ձեզ չի՞ մտահոգում այն, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի չի ունեցել Մինսկի խմբի հովանու ներքո: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրենց ձեռքն են վերցրել գործընթացն ու հրաժարվում են միջնորդական առաքելությունից:

- Չեմ կարծում, որ միջնորդները կողքից նայողի դերակատարություն կունենան: Ամեն երկիր ունի իր շահը: Մոտ ժամանակներս Մնացականյան-Մամեդյարով հանդիպում կլինի, կքննարկվի Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու հարցը: Այնպես որ չեմ կարծում, որ միջնորդները անտարբեր կլինեն:

- Գուցե Հայաստանն ու Ադրբեջանը չե՞ն զգում ԵԱՀԿ ՄԽ կարիքը:

- Վատ չի լինի, որ երկու երկրները բանակցեն միմյանց հետ, Արցախը ներգրավվի բանակցություններում: Բայց մոտեցումներն այնքան հեռու են իրարից, որ դժվար թե հնարավոր լինի համաձայնության հասնել: Դա երկար պրոցես է, և միջնորդները տեսակետները մոտեցնելու առաքելություն ունեն:

- Պարո՛ն Բալայան, շատերը չէին հավատում, որ հնարավոր կլինի համաձայնել սահմանին խաղաղություն հաստատելու հարցում, բայց ինչպես տեսնում ենք, երկար ժամանակ է՝ կրակոցներ չկան: Գուցե այդ հարցո՞ւմ էլ հնարավոր լինի համաձայնել:

- Ամեն ինչ հնարավոր է, բայց դա այն հարցը չէ, որ մեկը նստի ու որոշի, որ այսպես կլինի: Սա համայն հայությանը հուզող հարց է: Սա համայն հայության հաղթանակն էր, ու չեմ կարծում, որ առանց համաժողովրդական համաձայնության հարցը կլուծվի: Չեմ կարծում նաև, որ համայն հայությունը համաձայնի զիջումներին: Բանակցող կողմերը չեն կարող հաշվի չառնել, որ գոյություն ունի Արցախ՝ իր լեգիտիմ իշխանությամբ ու պետական կառույցներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ