5 էկոլոգիական նախագծեր, որոնք երկրագունդը դարձնում են ավելի մաքուր


02:06 , 15 փետրվար, 2019

Պլաստմասսե տարան օգտագործվում է ընդամենը 15 րոպե, սակայն քայքայվում է 200 տարվա ընթացքում։ Աշխարհում մեկ րոպեում վաճառվում է 1 միլիոն պլաստմասսե տարա։ Օգտագործված պլաստմասսայի 9%-ը մշակվում է, 12%-ը՝ այրվում, իսկ մնացածը հայտնվում է աղբավայրերում, օվկիանոսներում, ինչպես նաև խմելու ջրի, սննդի և կենդանիների ու մարդու օրգանիզմի մեջ։ Պլաստմասսան Երկիրն աղտոտելու բազում տեսակներից մեկն է։

Ժամանակն է եկել մտածելու, թե ինչպես կարելի է փրկել երկրագունդը։

Կոշիկ՝ մշակված պլաստմասսայից

Rothy’s ապրանքանիշը վերամշակված պլաստմասսայից կոշիկներ է պատրաստում։ Հատկապես հայտնի են տարբեր գույներ ունեցող հողաթափերը, որոնք կրել է Մեգան Մարքլն Ավստրալիա կատարած այցի ժամանակ։ Կազմակերպությունն արդեն վերամշակել է 25 միլիոն պլաստմասսե տարա։

Մանկական կահույք՝ պլաստմասսե հին խաղալիքներից

Հոլանդական EcoBirdy կազմակերպությունը կոտրված խաղալիքներից մանկական կահույք է պատրաստում։ Բացի արտադրությունից՝ կազմակերպությունը սկսել է նաև կրթական ծրագիր, որը պատմում է պլաստմասսայի վտանգների մասին։ Նրանք մանկապարտեզներում հատուկ արկղեր են տեղադրել, որտեղ երեխաները կարող են թողնել իրենց կոտրված խաղալիքները։ Կազմակերպությունը վերամշակել է մոտ 25 տոննա խաղալիք։

Հեծանիվ՝ վերամշակված շշերից

Բրազիլական Muzzicycles կազմակերպությունը վերամշակված շշերից հեծանիվներ է պատրաստում։ Յուրաքանչյուր հեծանիվի համար օգտագործվում է 200 շիշ։ Այս հեծանիվները սովորականից էժան են և թեթև։ Հեծանիվներն ունեն 100 տարվա երաշխիք։

Փոշիացնող ցնցուղ, որը խնայում է ջրի 70%-ը

Ամերիկյան Nebia կազմակերպությունը ստեղծել է ցնցուղային համակարգ, որը խնայում է մինչև 70% ջուր։ Համակարգը մշակել են մի խումբ մասնագետներ NASA-ից, Tesla-ից և Apple-ից։ Ցնցողը ջրի սովորական շթի փոխարեն փոշիացնում է ջրի կաթիլը։ Հայտնագործությունն ունի մի շարք հայտնի ներդրողներ, որոնցից է Apple-ի ղեկավար Թիմ Քուքը։

Պլաստմասսե ճանապարհներ

Հոլանդական կազմակերպություններից մեկը վերամշակված պլաստմասսայից արտադրում է շինարարական մոդուլներ։ Այդ մոդուլներից ճանապարհներ կառուցելը շատ հեշտ է և քիչ ծախսատար։ Նրանց մեջ նաև հնարավոր է տեղադրել խողովակներ ու հոսանքի լարեր։ Այսպիսի ճանապարհները ծառայում են մի քանի տասնամյակ, որից հետո դրանք կրկին կարելի է վերամշակել։ Այսպիսի առաջին հեծանվորդային ճանապարհը կառուցել են հոլանդական Զվոլե քաղաքում։