Այսօրվա Հայաստանում խորհրդարանական ընդդիմություն չկա


19:25 , 14 փետրվար, 2019

Այս երկու օրը ուշադիր հետևելով Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումներին` ցավով պետք է փաստենք, որ այսօրվա Հայաստանում խորհրդարանական ընդդիմություն չկա։ Եթե մեկը խնդրում է վարչապետին մունաթ չգալ, իսկ մյուսը հաշվում է, թե որ բառը քանի անգամ է կրկնվել տեքստում, ապա ի՞նչ ենք ուզում։ Ռուսերեն մի լավ արտահայտություն կա՝ Какой привет такой ответ։ Արդյունքում ստանում ենք պոպուլիստական հարցեր և պոպուլիստական պատասխաններ։ 

Ներկայացված բյուջեն իշխող քաղաքական ուժի պատկերացումն է մեր երկրի ապագա զարգացման տեսլականի։ Անշուշտ, դժվար է կառավարության աշխատանքներին գնահատական տալ թվերի բացակայության պարագայում, սակայն ամենևին անհնար չէ։ 

Ես, հիրավի, սպասում էի լուրջ քննարկումների առողջապահության և գյուղատնտեսության ապահովագրման ոլորտների և մի շարք այլ կարևորագույն խնդիրների շուրջ։ Բայց արի ու տես, որ դա կարևոր չէ, կարևորը, փաստորեն, թվերն են։ Մինչ Ազգային ժողովում մեր «ընդդիմությունը» հորդորում է վարչապետին մունաթ չգալ, իրական ընդդիմության ներկայացուցիչները, որոնք թերևս ներկայացված չեն Ազգային ժողովում և չեն ներկայացնում մեկ քաղաքական ուժ, տարբեր հարթակներում բավականին լուրջ քննարկում են ներկայացված նախագիծը։ Իմ խորին համոզմամբ՝ իրական բանավեճը և կարծիքների փոխանակումը պետք է լիներ նաև արտախորհրդարանական ուժերի հետ, որոնց հետ կարելի էր ներկայացված բյուջեի նախագիծը զգալիորեն բարելավել։ Ի՞նչ ասեմ, ունենք այն, ինչ ունենք։ Աստված էլ ավելի բեթարեն ազատի։