Վատն այն է, որ մենք դեռ չենք էլ հասցրել պատշաճ հարգանքի տուրք մատուցել անկախություն և ազատ Արցախ կերտողներին


15:36 , 14 փետրվար, 2019

Ես աշակերտ եմ դարձել 1990 թվականին: Ձմեռները 20 րոպեանոց դասերն եմ հիշում, դպրոցում նավթի, տանը՝ փայտի վառարանն եմ հիշում: Պատերազմն եմ աղոտ հիշում, համենայն դեպս, դպրոցի ճանապարհին համարյա թե ամեն օր հանդիպող ջահել տղերքի անուններով սև լենտերը մոռանալ չի ստացվում: Անլույս տարիներն եմ հիշում, մեր տանը գնացքի մարտկոցի ապահոված լույսն եմ հիշում: Մոմի լույսի տակ հայերեն տառեր սովորելս եմ հիշում: Բայց ինձ դժբախտ չեմ համարում, ինձ ոչ մեկ այդ տարիների համար ոչինչ պարք չէ, որովհետև այդ տարիները հայ ժողովրդի պատմության մեջ մտած են որպես դարակազմիկ երկու իրադարձությունների՝ անկախության և արցախյան հաղթանակի տարիներ:

Հասցրել եմ բավականին ճամփորդել և այլազգիների հետ շփվել՝ Ամերիկայից մինչև Չինաստան: Եվ իմ տարեկից օտարների առավելությունն իմ ու իմ 20 րոպեանոց դասերին հաճախած սերնդակիցների հանդեպ չեմ զգացել: Երբեմն նույնիսկ հպարտանում եմ, որովհետև մենք, ի տարբերություն շատերի, կարողացել ենք վերապրել, գոյատևել, հաղթել ու զարգանալ: Ամեն դեպքում, արևելաեվրոպական, ԱՊՀ տարածաշրջանում և Միջին ու Մերձավոր Արևելքում ոչ մեկից հետ չենք՝ պլյուս-մինուսի փոքր ամպլիտուդով: Եթե սրան գումարենք մեր և ուրիշների ստարտային ու ռեսուրսային հնարավորությունների համեմատականը, ապա պատկերը շատ ավելի հպարտանալու տեղիք է տալիս:

Վատն այն է, որ մենք դեռ չենք էլ հասցրել պատշաճ հարգանքի տուրք մատուցել անկախություն և ազատ Արցախ կերտողներին, ավելին՝ հակառակն ենք անում՝ որպես պետություն և հասարակություն: Չկասկածեք, պետական-ազգային հավաքական հաղթանակների ուրացումը, դրա ստորադասումը կենցաղային ժամանակավոր անհարմարություններին չի կարող աղետի չհանգեցնել: Եվ այդ աղետն անձնական չի լինելու, հավաքական է լինելու, որովհետև ուրացումն ու ստորադասումը նույնպես հավաքական են եղել: