«Դուք իմ մա՞հն եք ուզում». Ալեքսանդր Դրուզը «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» շոուի հետ կապված սկանդալի ֆոնին լրագրողներին խնդրել է հանգիստ թողնել իրեն


11:30 , 14 փետրվար, 2019

Tert.am-ը գրում է.

Հանրահայտ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի մագիստրոս, «Ադամանդե բու» մրցանակի դափնեկիր, գիտակ Ալեքսանդր Դրուզը, որը «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի խմբագիր Իլյա Բերի հետ սկանդալի կիզակետում է հայտնվել, պատմել է, որ այս ամենի հետևանքով իր առողջական վիճակը կտրուկ վատացել է:

Ինչպես նշում է kp.ru-ն, Դրուզի սանկտպետերբուրգյան տան մոտ կուտակվել են մեծ քանակությամբ լրագրողներ, որոնց պատճառով գիտակը չի կարողանում անգամ բժիշկ տուն կանչել:

Դրուզը, դուրս չգալով լրագրողների մոտ, դռան հետևից ասել է, որ «իր առողջությունն իր համար շատ թանկ է, այդ իսկ պատճառով այլևս չի ցանկանում այդ պատմության մասին խոսել»:

«Առանց այդ էլ այս պատմությունը լուրերի առաջին տողերում է: Իսկ իմ ճնշումը 180/90 է, եթե, իհարկե, ձեզ հետաքրքրում է իմ առողջական վիճակը: Դուք իմ մա՞հն եք ուզում: Ես՝ ոչ»,-ասել է Դրուզը լրագրողներին:

Նա հավելել է, որ այս պատմության մեջ չեն կարող վերջակետ դնել ո՛չ ինքը, ո՛չ լրագրողները:

«Դեռևս չգիտեմ՝ Բերին դատի կտա՞մ վարկաբեկության համար: Կներեք, բայց այժմ պիտի գնամ պառկեմ, ուշքի գամ»,-ասել է գիտակը:

Հիշեցնենք, որ օրերս «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հայտնի հեռուստահաղորդման ռուսական տարբերակի գլխավոր խմբագիր Իլյա Բերը մեղադրել էր Դրուզին խարդախության ու խաղը «գնելու» փորձի համար: 

Բերը պատմել է, որ 2018 թվականի նոյեմբերին Դրուզը մասնակցել է հաղորդման նկարահանմանը: Նկարահանումներից առաջ, ըստ Բերի, Դրուզն առաջարկել է հեռուստածրագրի գլխավոր խմբագրին բացահայտել հարցերի ցուցակն ու դրանց պատասխանները՝ փոխարենը խոստանալով 3 մլն ռուբլի շահումի մի մասը:  

Բերը նշել է, որ խարդախությունն ապացուցել կարողանալու համար նա փոխանցել է Դրուզին հարցերի պատասխանների միայն մի մասը, վերջին 5 հարցը նա փոխել է, և դրանց պատասխանները գիտակը նախապես չի իմացել:

Դրուզը և նրա հետ խաղին մասնակցած գիտակ Վիկտոր Սիդնևը հասել են վերջին՝ 15-րդ հարցին ու չեն կարողացել պատասխանել դրան: Արդյունքում նրանք հեռացել են 200 000 ռուբլի շահումով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ