Հետաքրքիր փաստեր Արեգակնային համակարգի մոլորակների արբանյակների մասին


03:04 , 14 փետրվար, 2019

Սովորաբար, երբ խոսք է գնում արբանյակի մասին, բոլորը հիշում են Լուսնին, սակայն Արեգակնային համակարգի յուրաքանչյուր մոլորակ ունի իր Լուսինը։

Հանիմեդ

Յուպիտերի արբանյակն իր չափսերով հեշտորեն կարող է մրցակցել Մարսի կամ Մերկուրիի հետ։ Այն անգամ ունի իր սեփական մագնիսական դաշտերը։ Եվ, իհարկե, արբանյակների մեջ այն ամենամեծն է։

Միրանդա

Ուրանի արբանյակն իր «գործընկերների» մեջ համարվում է ամենատգեղը։ Փաստացի, այն իրենից աղբակույտ է ներկայացնում, որը նմանվել է մոլորակի և միացել է Ուրանի ուղեծրին։ Միրանդայի վրա տարբեր լանդշաֆտներ կան՝ Գրանդ Կանյոնից 12 անգամ ավելի խորը կիրճերից սկսած մինչև հսկայական հարթավայրեր։

Կալիստո

Յուպիտերի ևս մեկ ռեկորդակիր արբանյակ։ Այն մրցանակային տեղին արժանացել է ամենաշատ խառնարաններ ունենալու պատճառով։ Միևնույն ժամանակ, գիտնականներին չի հաջողվել անցյալում որևէ աշխարհագրական ակտիվության հետք հայտնաբերել։ Կալիստոյի խառնարաններն առաջանում են մեկը մյուսի վրա և անընդհատ նորացվում են, այդ պատճառով գործնականում անհնար է դառնում որևէ հիմնական քարտեզ կազմել։

Էպիմեթևս և Յանուս

Սատուրնի երկու արբանյակներն են, որոնք յուրաքանչյուր 4 տարին մեկ վտանգի են ենթարկվում։ Խնդիրն այն է, որ նրանք անընդհատ փոխվում են իրենց տեղերով և շարժվում են մոտավորապես նույն ուղեծրով։ Գոյություն ունի տեսություն, ըստ որի՝ մի ժամանակ նրանք մեկ ամբողջություն են եղել։ Մեծ է հավանականությունը, որ նրանք ինչ-որ պահի կբախվեն միմյանց։ Այդ դեպքում նրանք ավելի շուտ կոչնչանան, քան կմիանան իրար։

Տրիտոն

Այս արբանյակն ամեն ինչով տարբերվում է մնացածից։ Այն Արեգակի շուրջ Նեպտունի պտտման հակառակ ուղղությամբ է պտտվում։ Տրիտոնը պատված է բազում հրաբուխներով, որոնք անընդհատ ժայթքում են, սակայն լավայի փոխարեն խառնարանից ամոնյակ և ջուր է դուրս գալիս, որն անմիջապես վերածվում է սառցի։ Տրիտոնն իր մակերեսով արտացոլում է արևի լույսի մեծ մասը։

Եվրոպա

Յուպիտերը տարօրինակ «հարևանների» քանակով ռեկորդակիր մոլորակ է։ Եվրոպան, օրինակ, մոլորականման օվկիանոս է։ Այն ծածկված է մեծ հաստությամբ սառցով, որի տակ ահռելի քանակությամբ ջրի պաշարներ կան (Երկրի պաշարներից 2-3 անգամ շատ)։ Գիտնականները ենթադրում են, որ այդ օվկիանոսում կարող են լինել կենսաբանական կյանքի բարդ ձևավորումներ։ Եվրոպայի ջերմաստիճանը դրա համար բավականին նպաստավոր է։