Գիտնականները մարդու մարմնում ևս մեկ ուղեղ են հայտնաբերել


02:10 , 14 փետրվար, 2019

Մարդու օրգանիզմում կա «երկրորդ ուղեղ», որը գտնվում է աղիներում, և ավստրալացի գիտնականները կարողացել են հասկանալ, թե ինչպես է այն աշխատում։ Էնտերալ (աղիքային) նյարդային համակարգը կազմված է միլիոնավոր նեյրոններից, որոնք կարգավորում են ստամոսք-աղիքային տրակտի աշխատանքը։

Այս համակարգը կենտրոնական նյարդային համակարգից առանձին է աշխատում։ Ֆլինդերսի համալսարանի պրոֆեսոր Նիկ Սփենսերը նշում է, որ դա «երկրորդ ուղեղ» է։ Նա ավելացրել է, որ այդ ուղեղը կարելի է անվանել նաև «առաջին ուղեղ», քանի որ էվոլյուցիայի ընթացքում այն ավելի շուտ է ձևավորվել, քան կենտրոնական նյարդային համակարգը։

Մասնագետները վերլուծել են մկների հաստ աղիքի նեյրոնների էլեկտրական ալիքները և պարզել, որ էնտերալ նյարդային համակարգը հավասարաչափ գործի է դնում և՛ գրգռող, և՛ արգելակող նեյրոնները, որոնք աղիներում մկանների կծկման պատճառ են դառնում։ Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, սկզբում գիտությանը հայտնի չի եղել, որ էնտերալ նյարդային համակարգի միլիոնավոր բջիջներ միաժամանակ գեներացնում են էլեկտրական ալիքներ։