Ռուսաստանի իշխող կուսակցությունն առաջարկում է ավելացնել համացանցում կեղծ տեղեկություններ տարածելու համար նախատեսված տուգանքի չափը


22:15 , 13 փետրվար, 2019

Azatutyun.am-ը գրում է.

Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն առաջարկում է 20 անգամ ավելացնել համացանցում կեղծ՝ ֆեյք տեղեկություններ տարածելու, ինչպես նաև իշխանություններին վիրավորելու համար նախատեսված տուգանքի չափը:

Ի սկզբանե պատգամավորները նախատեսում էին օրինազանցներին տուգանել 3-5 հազար ռուբլով, սակայն հիմա առաջարկում են այդ գումարը հասցնել 30-100 հազարի: Իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկն ասել է՝ հազար ռուբլի տուգանքը ոչ մի բան չի նշանակում քաղաքացու համար, մինչդեռ եթե նա 100 հազարով տուգանվի, մինչև կյանքի վերջ այդ մասին չի մոռանա: Խոշոր տուգանքից բացի առաջարկվում է նաև օրենքը կրկնակի խախտելու համար սահմանել 15-օրյա կալանք:

Պետդուման հունվարին առաջին ընթերցմամբ արդեն հավանություն է տվել այս նախագծին, որը փորձագետների խոսքով, էլ ավելի կսահմանափակի խոսքի ազատությունը Ռուսաստանում: