Գուցե դադարե՞ք մամուլին քլնգելը ու վերջապես հասկանաք, որ անձամբ Դուք և Ձեր թիմն եք հակահեղափոխական


20:00 , 12 փետրվար, 2019

ՊԱՏԿԵՐԱՑՆԵՆՔ, ԹԵ ՄԱՄՈՒԼԻ 90 ՏՈԿՈՍԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ

ՀՀ իշխանությունը պնդում է, թե աշխատում է օրուգիշեր, բայց լրատվամիջոցների մեծամասնությունն ամենայն դրականը բացասական քողով է շղարշում և պետության ղեկավարից փորձում ստանալ գյոռմամիշ կերպար։ 
Մի կողմ եմ թողնում այն պարադոքսը, որում հայտնվել է Հայաստանը մեկ մարդու ձեռքով․ նա հնարավորինս անխնա քննադատել է Հայաստանի իշխանությանը, անգամ այն հարցերում, որոնցից ուժերի ներածին չափով օգտվել է, բայց հիմա հայտնվել է կառավարման ղեկին ու փորձում է նույն ուժգնությամբ քննադատել իշխանության դեմ խոսողներին։ Դա էլ բացատրում է, թե ինչու՝ որովհետև, ըստ իրեն, մամուլի 90 տոկոսը նախկին իշխանություններին են պատկանում։ 
Հիմա մի պահ պատկերացնենք, որ մամուլի 90 տոկոսը պատկանում է Նիկոլ Փաշինյան ընտանիքին։ Կա 100 լրատվամիջոց, որից 90-ն էլ իրենք են տնօրինում և որպես տիեզերական ժողովրդավարության ջահակիր՝ 90-ին էլ հրահանգ են իջեցնում լուսաբանել միմիայն այն, ինչ կատարվում է, հանդես չգալ որևէ վերլուծությամբ, կանխատեսումով, չմգացնել ու չնոսրացնել գույները՝ ոչինչ չչափազանցնելով և ոչինչ չպակասեցնելով, համեմատել կատարվողը։ 
Այդ 100 լրատվամիջոցները ենթարկվում են իրենց սեփականատեր Փաշինյան ընտանիքի հրահանգին, ու հաջորդ օրը կարդում ենք պարզ, հասկանալի լրատվություն․
• ՊԵԿ-ում ստացել են 9 մլն դրամ պարգևավճար։
• Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բանակում աննախադեպ թվով պակասել է զոհերի թիվը։ Մեկ ամիս անց․․․ ՊՆ-ն ու Քննչական կոմիտեն թաքցրել են ամանորին զինծառայողի զոհվելու լուրը։
• Հանրապետության հրապարակում դրվել է 90 մլն դրամ ընդհանուր արժողությամբ տոնածառ․ 80-ամյա թոշակառուն նրա տակ փուչիկ է վաճառում՝ դժգոհելով 30 հազար դրամ թոշակից։
• Կառավարությունը հայտարարել է տնտեսակական հեղափոխության մասին։ Կառավարության ծրագրում տնտեսական ակտիվության աճն իջնում է մինչև 5 տոկոս։ 
• Նիկոլ Փասշինյանը հայտարարել է, որ գազի գինը իջեցնելու ներուժ կա և ամեն ինչ անելու են, որ իջեցնեն։ Մեկ ամիս անց ․․․ Սահմանին գազը թանկացավ 15 դոլարով։
• ՀԾԿՀ-ն հայտարարություն տարածեց ջուրը 11 դրամով թանկանալու վերաբերյալ։ Քիչ անց․․․ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջուրը թանկանում է 2024 թվականից, այսինքն՝ ըստ էության չի թանկանում։
• Քննչական կոմիտեն փետրվարի 12-ին է հայտնել դեկտեմբերի 31-ին մարտական դիրքերում նռնակի պայթյունից վիրավորվածների մասին տեղեկությունը։
• 2018թ․ հունիս․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց արագաչափերի և տեսահսկող կամերաների գործունեության դադարեցմանը նախապատրաստվելու մասին։ Մի քանի ամիս անց ոստիկանության հաղորդագրություն․ Հանրապետության ավտոճանապարհներն ու Երևանի խաչմերուկները հագեցել են տեսահսկող նոր սարքերով։
• Ազգային ժողովում հանձնաժողովների նախագահների ընտրությունը տևեց մեկ շաբաթ․ ընտրվեցին միակ թեկնածուները։
• Վարչապետի կորտեժը կոպիտ խախտել է երթևեկության կադրերը․ դա ապացուցող տեսանյութ է հայտնվում համացանցում։ Մի քանի օր անց՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություն Ազգային ժողովի ամբիոնից․ «Օրինակ՝ այսօր վարչապետի կորտեժը փոքրացել է և կարմիր լույսի տակ կանգնում է»:
• Ի հայտ է եկել ձայնագրություն, որտեղ ԱԱԾ և ՀՔԾ տնօրենները պայմանավորվում են նախկին ու ներկա պաշտոնյաների կալանավորելու վերաբերյալ, ի՞նչ ցուցում են տվել դատավորին և այլ։ Ամիսներ անց՝ ԱԺ ամբիոնից խոսում է Նիկոլ Փաշինյանը․ Դատարաններին հրահանգ չենք իջեցնում, թողնում ենք ինքն իր յուղով տապակվի։
Սրանց ավելացնում ենք վարչապետի հայտարարությունները, թե՝ կադրային ջարդ չի եղել, պաշտոնյաների 90 տոկոսը հներն են և այլն, ելույթներ, հարցազրույցներ, ընդ նորում՝ ոչ միայն իր, այլև թիմի ճնշող մեծամասնության։ 
Լրատվամիջոցը, որ անաչառորեն ներկայացնի այս ամենը՝ առանց վերլուծական մտքի, առանց իր կողմից մեկ բառ ավելացնելու, կլինի Հայաստանում ամենաընդդիմադիրը, եթե անգամ այն պատկանի Նիկոլ Փաշինյանին։ 
Գուցե դադարե՞ք մամուլին քլնգելը ու վերջապես հասկանաք, որ ոչ թե լրատվամիջոցներն են հակահեղափոխական, միայն վատը տեսնող ու տարածող, այլ անձամբ Դուք և Ձեր թի՞մը։ Չէ՞ որ մենք լուսաբանում ենք այն, ինչ անում եք դուք՝ հրապարակային կամ թիմի ներսում։
Հարգելի իշխանություն, ձեր աշխատանքն ինքներդ եք սևացնում։ Իսկ մեզ՝ լրատվամիջոցներիս, մի սևացրեք, կապելով՝ նախկին, ներկա կամ ապագա իշխանությունների հետ։ 
Գործ արեք, հերիք է․․․