Ավտովթար Գեղարքունիքի մարզում. մեքենան գլխիվայր շրջվելով հայտնվել է դաշտում. կան վիրավորներ


22:34 , 10 հունիս, 2013

Այսօր՝ հունիս 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Երևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 34.5 կմ հատվածում, Գավառ քաղաքի բնակիչ 31-ամյա Կարապետ Պիպոյանը, վարելով VAZ 21-06 մակնիշի 78 QM 777 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ. Պիպոյանն ու ուղևոր Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ 36-ամյա Արմեն Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանը, ավագ տեսուչ Ավետիք Վարդանյանը և ՃՈ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը:

Տեղում էր նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Գավառի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանի և քննիչ Թորգոմ Ջանդոյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Գավառի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: