Թիրախները, որ դրված են ծրագրում, կտեսնեք ու կպահանջեք մեզանից. Ավինյան


18:40 , 12 փետրվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

Կառավարության  ծրագիրն ամբողջությամբ  փոխում է տնտեսական մոդելը. այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ծրագիրը հեղափոխական է, ներառականություն է պարունակում։ Անցում ենք կատարում ներառական տնտեսական աճի մոդելին, որը ենթադրում է, որ Հայաստանի մեծաթիվ քաղաքացիներ պետք է մասնակից լինեն ՀՀ տնտեսությունում գեներացվող հավելյալ արժեքի ստեղծմանը: Սա է հիմնական փոփոխությունը, որը տեղի է է ունեցել` նախկին կառավարության ծրագրի համեմատ, ու սա հեղափոխական փոփոխություն է: Կարծում եմ` այդ փոփոխությունը չտեսել ուղղակի հնարավոր չէ»,- նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թե գործնականում քաղաքացիների մասնակցությունն ինչպե՞ս են պատկերացնում, քանի որ իշխանության խոսքից հասկանում ենք, որ  քաղաքացիների վրա է մնում տնտեսական հեղափոխություն անելը, Ավինյանը պատասխանեց. «Այս գործում յուրաքանչյուր սուբյեկտ ունի պատասխանատվության իր չափաբաժինը։ Քաղաքական ուժը կարող է ստեղծել հարթակ, որ ՀՀ քաղաքացիները օգտվեն: Կառավարության պատասխանատվությունն է, որ ստեղծի այնպիսի մեխանիզմներ, ինստիտուտներ, որ ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունենան մասնակցելու տնտեսական աճին, ու այդ հնարավորությունների, ինստիտուտների ստեղծումը կառավարության պարտավորությունն է: Երբ զուգահեռներ են տարվում քաղաքական հեղափոխության հետ, այն ժամանակ մենք ի՞նչ էինք ասում, ասում էինք, որ հնարավոր է դա իրականացնել, բայց իրականացնողը մենք չենք, քաղաքական ուժը չի լինելու իրականացնողը»:

Փոխվարչապետը շարունակեց, որ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, համակարգեր ստեղծի, որ նախ` ՀՀ քաղաքացիների մոտ ֆորմալ զբաղվածության աճ լինի, երկրորդ՝ աշխատանքի արդյունավետությունն ու արտադրողականությունը բարձրանա, երրորդ՝ ներդրումներ ներգրավվեն, որ աշխատատեղեր ստեղծվեն, ու այս ամենն իրականացվի բնապահպանական չափորոշիչներին համապատասխան:

Ավինյանը համակարծիք չէ, թե կառավարությունը, թվեր չներկայացնելով, մանրևում է։ Նա վստահեցրեց, որ իրենք որևէ պատասխանատվությունից չեն խուսափելու,  ավելին՝ կառավարության ծրագրում գրված թեզերը ֆինանսական մոդելների վրա են հիմնված, որոնք կարտացոլվեն միջնաժամկետ ծրագրերում՝ այլ ֆորմատով:

«Կառավարության ծրագրում սահմանում չկա, որ պարտադիր բոլոր թվերը պիտի ներառված լինեն: Կառավարության պատասխանատվությունը շատ հստակ է լինելու, ու միջնաժամկետ ծրագրերի քննարկման ժամանակ թվային պատասխանատվությունները, թիրախները, որոնք դրված են, կտեսնեք ու կպահանջեք մեզանից»,- ամփոփեց փոխվարչապետը: