Վիճակախաղի հաղթողը մսխել է իր միլիոնները և սևագործ բանվոր դարձել


17:58 , 12 փետրվար, 2019

Մեծ Բրիտանիայում վիճակախաղի հաղթողը մսխել է իր միլիոնավոր ֆունտ ստեռլինգները, մնացել է անտուն ու առանց ավտոմեքենա և հանապազօրյա հացը ստիպված է վաստակել ֆիզիկական ծանր աշխատանքով, հաղորդում է The Sun պարբերականը:

19-ամյա Մայքլ Քերոլը 2002թ.-ին վիճակախաղով 9.7 միլիոն ֆունտ ստեռլինգ է շահել: Ստանալով գումարը, երիտասարդը սկսել է ցոփ ու շվայտ կյանք վարել՝ դրա բոլոր հետևանքներով: 2012-ին նրա հարստությունից ոչինչ չի մնացել:

«Իմ միլիոնները հօդս ցնդեցին ընդամենը 10 տարում,- խոստովանել է Քերոլը,- ես ոչինչ չունեմ, բայց չեմ ափսոսում․ հեշտությամբ ձեռք բերեցի, հեշտությամբ կորցրի»: Տղամարդու խոսքերով՝ նա ավելի երջանիկ է դարձել, երբ նորից սկսել է աշխատել:

Այժմ նախկին միլիոնատերն ապրում է Շոտլանդիայում և աշխատում օրական 12 ժամ: Նրա խոսքերով՝ առավոտվա 6-ից մինչև երեկոյան 6-ը նա հասցնում է 150 պարկ ածուխ տեղափոխել: «Երբեմն ինձ մի քանի ֆունտ թեյավճար են տալիս, դա ահագին զվարճալի է»,- ասել է Քերոլը: