Կիլիկիայի զինանշանը՝ 1509 թ. պորտուգալական հայտնի մանրանկարում


21:00 , 12 փետրվար, 2019

Հայ ազգի պատմության մեջ բացառիկ դեր է ունեցել հայկական Կիլիկիայի թագավորությունը, որը հիմնվել և գոյություն է ունեցել 1080-1375 թթ. Փոքր Ասիայի հարավ-արևելքում՝ Միջերկրական ծովի ափին։ Մինչ 1198 թ. այս պետությունը հայտնի էր որպես իշխանություն, ապա այն վերափոխվել է Կիլիկիայի թագավորության։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հատուկ մանրանկար, որում պատկերված է Կիլիկիայի թագավորության ռազմական զինանշանը։

Այս մանրանկարը գտնվում է պորտուգալական «Ռազմական զինանշանների գրքում» («Livro do Armeiro-Mor»)՝ 19-րդ էջում։ Այս գիրքը ստեղծվել է 1509 թ.: Մանրանկարի ներքևի հատվածում հետևյալ գրությունը կա. «Հայաստանի թագավորություն» («Rei d Ermenia»):

«Ռազմական զինանշանների գիրքը» համարվում է XVI առաջին կեսի զինանշանագիտության հանրագիտարան, որում ներկայացված են Եվրոպայի պետությունների և հարևան իշխանությունների զինանշանները։

Միջնադարյան այս գլուխգործոցը, որն ունի 161 էջ, այսօր պահպանվում է Լիսաբոնում գտնվող Պորտուգալիայի ազգային արխիվում։

Բագրատունիների թագավորության անկումից հետո Կիլիկիան մեծ դեր սկսեց ունենալ հայ ժողովրդի պատմության մեջ, առաջին հերթին՝ պետականություն պահպանելու համար։

Կիլիկիայի հայկական թագավորությունն իր քաղաքական կառուցվածքով, տնտեսական զարգացման ուղղվածությամբ և մշակույթով համարվում էր Եվրոպայի անբաժանելի մասը։

Հայկական Կիլիկիան գտնվում էր հզոր պետությունների շարքում, դրանց հետ հարաբերվում էր որպես հավասարը հավասարին և ստեղծում էր պետական համակարգ հենց այդ պետությունների պետական համակարգերի հիման վրա։