13:40 , 12 փետրվար, 2019Armsport.am-ը գրում է.
«Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո համալրելու է «Յուվենտուսի» կազմը, Instagram-ում կատարած գրառմամբ դիմել է «զինագործների» երկրպագուներին:
«Դուք, հավանաբար, արդեն գիտեք, որ ես նախնական պայմանագիր եմ կնքել «Յուվենտուսի» հետ: Ցանկանում եմ դիմել «Արսենալի» երկրպագուներին, որոնք միշտ հավատարիմ են եղել և աջակցել են ինձ:
Դուք ընդունել եք ինձ դեռևս երիտասարդ տարիքում և ինձ հետ եք եղել այս ակումբում կարիերայիս ուրախ ու տխուր պահերին: Ես ծանր սրտով եմ հեռանում Հյուսիսային Լոնդոնից, որտեղ անհավանական 11 տարի եմ անցկացրել: Շնորհակալ եմ ձեզ:
Շարունակելու եմ թիմի համար 100% նվիրվածությամբ խաղալ և հույս ունեմ՝ նախքան Թուրին տեղափոխվելս, այստեղ կարիերաս բարձր նոտայի վրա կավարտեմ»,- գրել է Ռեմսին: